‘
Ադրբեջանը կանխամտածված գնում է հակամարտության սրման: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի Ազգային ռազմավարության խնդիրները հանդեսի գլխավոր խմբագիր Աջար Կուրտովը` մեկնաբանելով ԼՂՀ զինված ուժերի ուղղաթիռի խոցումը:
Նրա խոսքով, ողջ կատարվածը վկայում է այն մասին, որ Ադրբեջանում միտումնավոր պաշտպանում են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման գիծը, այդ թվում` նման միջադեպերի օգնությամբ: Եթե ադրբեջանական կողմն իրոք ձգտեր հակամարտության խաղաղ կարգավորման, ապա, բնականաբար, այդպես չէր գործի: Կարող էին փորձել կապ հաստատել ուղղաթիռի հետ և նախազգուշացնել օդային տարածքի խախտման մասին, եթե դա տեղի էր ունեցել, և առաջարկել հեռանալ այդ գոտուց:
«Սակայն, որքան ես հասկանում եմ, անմիջապես զենք է կիրառվել, այսինքն, նպատակը եղել է ոչ թե կարգավորումը, այլ` հենց հակամարտության սրումն առավել կոշտ ձևով: Իսկ քանի որ այդպես է, ապա, ըստ երևույթին, Բաքվի իշխանությունները հերթական անգամ փորձում են լուծել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին խնդիրներ: Վերջինի իմաստն այն է, որպեսզի սեփական պետության բնակչությանը ցույց տան իրենց դիրքերը պաշտպանելու գործում մինչև վերջ գնալու ինչ-որ վճռականություն», — հայտարարել է Կուրտովը: Խոսելով կատարվածի արտաքին քաղաքական ասպեկտների մասին` Կուրտովը ենթադրել է, որ Բաքուն փորձում է նման ակցիաներ անցկացնել, ակնկալելով, որ դրանց նկատմամբ բացասական արձագանքն ուժեղ չի և որ Բաքվի գործողությունների պատշաճ դատապարտում չի հետևի:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին, տեղական ժամանակով ժամը 13:45-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Ինչպես ԱրմԻՆֆո գործակալությանը տեղեկացվել է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից, խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է եղել:
‘