‘Ռուսաստանցի փորձագետ. Արևմտյան առաջնորդներին շատ ավելի հարմար է ապրիլի 24-ին մեկնել Երևան, այլ ոչ թե` Անկարա’

935

Ռուսաստանցի փորձագետ, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի Մերձավոր արևելքի ուսումնասիրման կենտրոնի վերլուծաբան Ալեքսանդր Սոտնիչենկոն կարծում է, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը համաշխարհային մասշտաբով անհամեմատ ավելի ուշագրավ միջոցառում է, քան Գալիպոլիի ճակատամարտի սկիզբը, որը մտադիր է նշել Անկարան:

Սոտնիչենկոյի կարծիքով, հայկական սփյուռքի, հայ պատմաբանների, հրապարակախոսների և գրողների ակտիվ գործունեության շնորհիվ Ցեղասպանության մասին հայտնի է ողջ աշխարհին, մինչդեռ Գալիպոլյան ճակատամարտի մասին տեղեկատվությունը, ընդհանուր առմամբ, կրում է սահմանափակ և նեղ մասնագիտական բնույթ:

«Բացի այդ, Արևմուտքի երկրների համար Ցեղասպանութունը ոչ մի բացասական համատեքստ չի կրում. Եվրոպայի երկրները և ԱՄՆ դրա հետ ոչ մի առնչություն չեն ունեցել, իսկ ողջ մեղքն ընկնում է Օսմանյան կայսրության ղեկավարության վրա, մինչդեռ Դարդանելի ճակատամարտն անիմաստ սպանդ էր, որի համար պատասխանատվություն են կրում Անտանտի երկրները: Իհարկե, Արևմուտքի երկրները կցանկանային «լռության մատնել» վերջին իրադարձությունը», — ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ասել է նա:

Վերլուծաբանն ընդգծել է, որ ճակատամարտի 100-ամյակի տոնակատարությունն ապրիլի 24-ին նշանակելու Թուրքիայի իշխանությունների որոշումը այնքան էլ հասկանալի չէ: Բուն գործողությունն սկսվել է 1915 թվականի փետրվարին և ավարտվել 1916 թվականի հունվարին: Առաջին դեսանտի իջեցումը տեղի է ունեցել ապրիլի 25-ին (հենց այդ ամսաթվին է զուգադիպել տոնակատարությունը): Հնարավոր է, ապրիլի 24-ին միջոցառումների նշանակումը համաշխարհային հասարակայնության ուշադրությունը Հայաստանից շեղելու նպատակ է հետապնդում, սակայն, եթե անգամ նման խնդիր է դրվել, դրա իրագործումը մեծ հարցականի տակ է` չնայած թուրք պաշտոնյաների առանձին հայտարարություններին:

Փորձագետի խոսքով, Թուրքիայի ղեկավարության համար ավելի ճիշտ կլիներ ուղևորվել Երևան: «Եթե Թուրքիան ցանկանում է բարձրաձայնել 1915 թվականի ողբերգության վերաբերյալ սեփական տեսակետը, ապա լավագույն տարբերակը կլիներ դա անել սգո միջոցառումների ընթացքում` պետության ղեկավարի շուրթերից: Կարծում եմ, Թուրքիայի նախագահ Էրդողանին, որը լավ հռետոր է, կհաջողվեր աշխարհում իրական ֆուրոր առաջացնել իր այցով: Սակայն այժմ Թուրքիայում բավականին ազդեցիկ քաղաքական ուժեր, որոնք գործող իշխանության դաշնակիցն են, հանդես են գալիս հայոց հարցի նկատմամբ Անկարայի կոշտ դիրքորոշման օգտին: Դա լուրջ վնաս է հասցնում Թուրքիայի միջազգային հեղինակությանը», — ամփոփել է նա: 

Նախորդ հոդվածը‘Վճարումների նոր ժամանակացույց Բիլայնի բջջային կապի բաժանորդների համար ‘
Հաջորդ հոդվածը‘Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի՝ Լեռնային Ղարաբաղում խորհրդարանական ընտրությունների անցկացումը սադրանք է’