‘
Դեպի Հայաստան երկաթուղու աբխազական հատվածի բացումը հարցականի տակ է, թեև Ռուսաստանը լուծել է ամենաբարդ խնդիրը` ստացել է աբխազական կողմի համաձայնությունը: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի քաղաքագետ Վլադիմիր Եվսեևը` մեկնաբանելով երկաթուղու բացման վերաբերյալ Պուտինի երեկվա հայտարարությունը:
Ռուսաստանի հետ Վրաստանի երկաթուղային հաղորդակցությունն Աբխազիայի տարածքով ընդհատվել է 1992-1993 թթ. հակամարտությունից հետո: Աբխազական հատվածի բացումը ռազմավարական առումով կարևոր է Հայաստանի համար, քանի որ ամենակարճ և ամենաէժան ճանապարհն է դեպի Ռուսաստան:
Եվսեևի ասելով, եթե ավելի վաղ Սուխումը որպես նախապայման Երևանից պահանջում էր ճանաչել Աբխազիայի անկախությունը, ապա այսօր այդ հարցը հանված է օրակարգից, քանզի Մոսկվան իր հերթին Սուխումին լուրջ զիջումների է գնացել: «Վերջնական լուծումն այժմ կախված է Թբիլիսիից, որի նկատմամբ, սակայն, ճնշում է գործադրում ԱՄՆ: Այդուհանդերձ, ես կարծում եմ, որ հարցը կարելի է լուծել, և այստեղ հսկայական դեր կարող էր խաղալ Աբաշիձե-Կարասին հանձնաժողովը: Ավելին, Մոսկվան պատրաստ է ֆինանսավորել այդ հատվածի բացումը, եթե Թբիլիսիի հետ բոլոր տարաձայնությունները վերացվեն», — նշել է Եվսեևը:
Նա չի բացառել, որ Ռուսաստանն այդ խնդիրը լուծելու և Վրաստանի համաձայնությունն ստանալու իր ձգտման մեջ կարող է չեղյալ հայտարարել Թբիլիսիի նկատմամբ որոշ առևտրային սահմանափակումներ:
Մինչդեռ, հիշեցնենք, որ վրացական կողմը նախագահի շուրթերով արդեն քննադատել է Ռուսաստանի և Աբխաիզայի դաշնակցության և ռազմավարական գործընկերությոն շուրջ պայմանագրի ստորագրումը: Գեորգի Մարգվելաշվիլիի ասելով, նշված պայմանագրի ստորագրումը «Վրաստանի տարածքների բռնակցմանն ուղղված քայլ է, որն ավելի է բարդացնում իրավիճակը Հարավային Կովկասում և փակուղի է մտցնում Վրաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, իսկ Աբխազիային դնում է անհաղթահարելի խնդրի առջև»:
‘