Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի կարգադրել է Ռուսաստանում հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 7-ը ոչ աշխատանքային ռեժիմ սահմանել։ Վերջին շաբաթներին երկրում գրեթե ամեն օր արձանագրվում են կորոնավիրուսով վարակվածության նորանոր ռեկորդներ։ Բժիշկները և փորձագետներն ասում են, որ համավարակի «չորրորդ ալիքը» կարող է նախորդներից շատ ավելի վտանգավոր լինել։
Դաշնային մակարդակով ոչ աշխատանքային օրեր հայտարարելու առաջարկով հանդես է եկել փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան։ Գրեթե անմիջապես այդ առաջարկը պաշտպանել է վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Ոչ աշխատանքային օրերի մի մասը մինչ այդ էլ հանգստյան օրեր էին՝ նոյեմբերի 4-ը Ժողովրդական միասնության օրն է։
Չորեքշաբթի երեկոյան Պուտինը հրամանագիր է ստորագրել ոչ աշխատանքային օրերի մասին, սակայն հրապարակված փաստաթղթում չի նշվում, թե ինչպես են աշխատելու ընկերությունները, և ինչպես են վճարելու աշխատակիցներին։
Մոսկվայում ոչ աշխատանքային օրերը կարող են վերածվել լոքդաունի, բխում է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հրամանագրի նախագծից։ Փաստաթղթում ասվում է, որ կարող է լոքդաուն հայտարարվել, եթե հաջորդ շաբաթ կորոնավիրուսով վարակվածության ցուցանիշներն ավելի բարձր լինեն, քան նախորդ շաբաթ էր։ Այդ դեպքում կփակվեն ռեստոաններն ու սրճարանները, ֆիթնես-ակումբներն ու գեղեցկության սրահները, թատրոնները, կինոթատրոնները, կենդանաբանական այգիներն ու զվարճանքի մյուս վայրերը, դպրոցները։ Բացառություններ չեն արվի նույնիսկ պատվաստված քաղաքացիների համար։
Փոխանցում է BBC-ն։
