‘
Ներկայացնում ենք ռուսաստանյան «Կոմսոմոլսկայա Պրավդա» պարբերականի թղթակից Դմիտրի Սմիռնովի ռեպորտաժի թարգմանությունը՝ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բաքու կատարած աշխատանքային այցից՝ մասնակի կրճատումներով.
«Ռուսսիյա Ֆեդերասյանըն պրեզիդենտի չեբաբ Վլադիմիր Պուտինին», — գրված էր անվանաքարտերի վրա, որոնք բաժանվում էին Ռուսաստանի նախագահի հետ Ադրբեջան այցելած լրագրողներին:
Բաքուն Պուտինի այցին նախապատրաստվել էր ոչ միայն անվտանգության խստացված միջոցառումներով, այլև համատեղ մշակութային ժառանգության ցուցադրությամբ: Այսպես, օրինակ, նախօրեին այստեղ լուսանկարչական ցուցահանդես էր բացվել «Ռուսաստան-Ադրբեջան. Սրտակից ընկերության անմար կրակը» խորագրի ներքո: Կրակի անմար լինելը ընդգծում էին դաշնամուրի մոտ իր աշակերտ Քարա Քարաեւի հետ Դմիտրի Շոստակովիչի, Մուսլիմ Մագոմաեւի, Փոլադ Բյուլբյուլօղլիի եւ ռուսական էստրադային աստղերի լուսանկարները: Ճիշտ է՝ Ռուսաստանի նախագահը չայցելեց ցուցահանդեսը:
Հավանաբար, ամուր բարեկամությունը հաստատելու նպատակով էին Բաքվի նավահանգստում խարիսխ ձգել ռուսական Կասպիական նավատորմի հրթիռային «Դաղստան» եւ փոքր հրետանային «Վոլգոդոնսկ» նավերը:
Վլադիմիր Պուտինի եւ նրա ադրբեջանցի գրծընկերոջ բանակցություններն ընթանում էին Իլհամ Ալիեւի հոր եւ նախորդի՝ Հեյդար Ալիեւի դիմանկարի ներքո:
Մի հետաքրքիր դետալ պարզվեց. պետությունների ղեկավարների ժամացույցները տարբեր ժամ էին ցույց տալիս: Ալիեւի ժամացույցի սլաքները ցույց էին տալիս արդեն երեկոյան ժամը վեցը՝ տեղական ժամանակից հինգ րոպե անց: Պուտինի մոտ հինգից հինգ էր պակաս՝ ճիշտ մոսկովյան ժամանակը: Չնայած այդ տարբերությանը՝ պարզվեց, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը ժամանակ չեն կորցնում եւ ակտիվ առեւտուր են անում:
Թեպետ, Պուտինի կարծիքով, երկու երկրների համագործակցության մեջ գլխավոր տեղը զբաղեցնում են ոչ թե քաղաքականությունը, տնտեսությունը կամ անվտանգությունը, այլ հումանիտար հարցերը:
— Ադրբեջանում ամենայն ուշադրությամբ են վերաբերվում ռուսաց լեզվի զարգացմանը, ռուսերենով կրթության պահպանմանը, — նշեց Ռուսաստանի նախագահը: — Ե՛ւ դպրոցներն են ռուսերենով աշխատում, ե՛ւ ռուսաստանյան բուհերի մասնաճյուղերը: Սա հույժ կարեւոր է, որովհետեւ հիմք է ստեղծում մնացած բոլոր ուղղություններով աշխատանքի համար:
Ասվածը արդեն իսկ հաստատում էր այն փաստը, որ բանակցություններն ընթանում էին ռուսերենով:
Նախագահները քննարկեցին նաեւ հայ-ադրբեջանական հակամարտությունը:
-Գիտեք, որ մեր տարածքների օկուպացիան հայերի կողմից շարունակվում է, միջազգային կազմակերպությունների բանաձեւերը չեն իրականացվում, — բողոքեց Ալիեւը ամփոփիչ ասուլիսի ժամանակ:
— ԼՂ հիմնախնդրի հետ կապված՝ ուզում եմ ընդգծել. Ռուսաստանն ակտիվորեն աջակցում է հակամարտւթյան շուտափույթ կարգավորմանը, որը հնարավոր է միայն քաղաքական միջոցներով, — գործընկերոջը հանգստացրեց Պուտինը:
‘