Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «Ռուսների և ուկրաինացիների պատմական միասնության մասին» հոդվածն աշխույժ բանավեճի առիթ է տվել թե՛ Ռուսաստանում, թե՛ Ուկրաինայում։
Հոդվածում Պուտինը փաստարկներ է բերում իր սիրած թեզերից մեկի օգտին, թե երկու ժողովուրդները միասնական են, և նրանց բարեկամությանը պատմականորեն փորձում է խանգարել Արևմուտքը։
Հոդվածի առաջին մասում Պուտինն անդրադառնում է Հին Ռուսիայի պատմությանն ու պնդում, որ ««Ուկրաինա» անվանումն այն ժամանակ ավելի հաճախ օգտագործվել է հին ռուսական «ծայրամաս» («окраина») նշանակությամբ»։ Ներկայիս Ուկրաինան Պուտինն անվանում է «կատարելապես սովետական դարաշրջանի ծնունդ», հիշեցնում, որ Ուկրաինայում ծնված Խրուշչովն ու Բրեժնևը ղեկավարել են կուսակցությունն ու երկիրը, և հայտարարում է, որ «բոլշևիկները կամայականորեն ձևել են սահմանները, շռայլորեն տարածքային «նվերներ» են բաշխել», ու փաստորեն՝ «Ռուսաստանը թալանվել է»։ Պուտինի կարծիքով՝ ԽՍՀՄ-ի փլուզման ժամանակ դրա տարածքում հայտնված նոր կազմավորված պետությունները պետք է հետևեին իր նախկին ղեկավարի՝ Սանկտ Պետերբուրգի նախկին քաղաքապետ Անատոլի Սոբչակի հայտարարած քաղաքականությանը. «Ինչով եկել եք, դրանով էլ գնացեք»։
Պուտինի հոդվածը Կրեմլի կայքում հրապարակվել է ռուսերեն և ուկրաիներեն։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արդեն արձագանքել է հրապարակմանը։
«Մեզ մոռանում են, երբ խոսում ենք Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմի նկատմամբ տարած հաղթանակի մասին, և թե ուկրաինացիների քանի-քանի կյանք է կորսվել այդ պատերազմում, բայց հիշում են այլ դեպքերում՝ թե եղբայրական ժողովուրդներ ենք։ Ինձ թվում է, ես այդպես եմ կարծում, ինչպես ռուսներն են ասում՝ այդպես վարվելը «եղբայրաբար» չէ։ Ավելի նման է Կայենին ու Աբելին»։
Փոխանցում է BBC-ն։