‘Ռուստամ Իբրահիմբեկով. Ղարաբաղյան խնդրի լուծմանը խանգարում է իրավիճակն Ադրբեջանում ‘

731

BBC-ի ռուսական ծառայությունն ընդարձակ հարցազրույց է հրապարակել Ադրբեջանի ընդդիմության ղեկավարներից մեկի՝ հայտնի մշակույթի գործիչ, դրամատուրգ  Ռուստամ Իբրահիմբեկովի հետ, որից մի հատված ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը:

Հարց. Դուք պատրաստի ծրագիր ունե՞ք Ադրբեջանի ժամանակակից պատմության ամենահրատապ հարցի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ:

Պատասխան. Ես նման լուծում չունեմ, և չէր էլ կարող լինել, քանի որ դա կապված է բարդագույն աշխարհաքաղաքական իրավիճակի, հարևան պետությունների՝ ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, շահերի հետ: Դա չափազանց բարդ հանգույց է, այդ հարցով արդեն զբաղվում են տարիներ շարունակ, և առայժմ բավարար չափով գործունակ  լուծումներ չկան:

Ես միանգամայն համոզված եմ, որ խնդրի լուծմանը խանգարում է իրավիճակն Ադրբեջանում, քանի որ երբ ես ասում եմ, թե Լեռնային Ղարաբաղի հայերն Ադրբեջանի քաղաքացի են և պետք է նույն իրավունքներն ունենան, ինչ ադրբեջանցիները, և ոչ մի դեպքում նրանց չի կարելի «թշնամիներ» կոչել, ապա ինձ մեղադրում են հայամետության մեջ, այսինքն՝ անհեթեթություն է ստացվում: Այնինչ դա բացարձակ ճշմարտություն է. եթե Ղարաբաղի բնակիչները տեսնեն, թե ինչ հրեշավոր վիճակում է գտնվում Ադրբեջանը, որքան կոպտորեն են ոտնահարվում մարդու իրավունքները, ինչպես է համատարած կոռուպցիան ախտահարել հասարակության բոլոր շերտերը, ապա, բնականաբար՝ նրանք չեն ցանկանա, որ Ղարաբաղը մնա Ադրբեջանի կազմում: Այսինքն՝ խնդրի կարգավորման ուղիներից մեկը Ադրբեջանում վիճակը նորմալացնելն է, մարդկանց համոզելը, այլ ճանապարհ չկա:

Քանի դեռ Լեռնային Ղարաբաղի բնակիչները չեն ցանկանում ապրել Ադրբեջանում, աշխարհում ոչ ոք չի կարող դա ստիպել: Աշխատանքը պետք է տարվի նրանց հետ: Իսկ աշխատանք կարող է տարվել միայն այն ժամանակ, երբ նրանք տեսնեն, որ ադրբեջանցի ժողովուրդն անկեղծ է իրենց հետ, որ իրենք ժողովրդի մի մասն են, որ իրենք կարող են անվտանգ ապրել այդ երկրում:

Այդ ամենը չի արվում Ադրբեջանի ղեկավարության կողմից, նրանք դրան կարևորություն չեն տալիս, այդտեղից էլ՝ Ադրբեջանի կազմում չմնալու ցանկությունը: Մնացած խնդիրները կապված են ընդհանուր աշխարհաքաղաքական իրադրության հետ, և առանց գերտերությունների միջամտության՝ այդ հարցերը լուծել հնարավոր չէ:

Նախորդ հոդվածը‘Մարդասիրական օգնություն՝ կարկուտից տուժած արմավիրցիներին’
Հաջորդ հոդվածը‘Լեւանդովսկին հրաժարվել է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»’