‘
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է «Էրեբունի-Երևան 2794» տոնակատարության միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած ռուս տիեզերագնացներ, Խորհրդային Միության կրկնակի հերոս Ալեքսանդր Իվանչենկովին և Ռուսաստանի Դաշնության հերոս Սերգեյ Տրեշչովին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հյուրերը քաղաքապետ Տարոն Մարգարյանին են նվիրել տիեզերքից կատարված Երևան քաղաքի լուսանկարը և վստահեցրել, որ այսուհետ տիեզերքից Երևանին նայելիս այլևս ընդմիշտ հոգով զգալու են այն ջերմությունը, որը տվել է նրանց Հայոց հնամենի մայրաքաղաքը:
Շնորհակալություն հայտնելով աննախադեպ նվերի և ջերմ խոսքերի համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը առաջարկել է, հնարավորության դեպքում, տիեզերք տանել Երևանի խորհրդանիշերով զարդարված հուշանվեր-հարթաքանդակը, ապա վերադարձնել այն ու նվիրել Երևանի պատմության թանգարանին: Տիեզերագնացները խոստացել են անել դա հենց առաջիկա թռիչքի ժամանակ:
‘