‘ՌՔԿ ղեկավարն առաջարկում է բռնագրավել ամեն ինչ, ինչպես ԽՍՀՄ-ում էր’

814

Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինն առաջարկել է քրեական օրենսդրության մեջ վերադարձնել ունեցվածքի առգրավումը՝ որպես  պատժամիջոց:

Քննչական կոմիտեի պատրաստած մի օրենք, որն ընդլայնում է ունեցվածքի բռնագրավման հնարավորությունը, արդեն իսկ մտել է ուժի մեջ: «Այժմ, մեղադրյալի դրամական միջոցների բացակայության կամ անբավարար լինելու դեպքում, նախատեսվում է նաև «անձնական այլ ունեցվածքի» բռնագրավում՝ համապատասխան գումարի չափով: Պարզ ասած՝ կարող են բռնագրավել նրա քոթեջը, բնակարանը, հողատարածքը, արժեթղթերը և այլ ունեցվածք»,- ասել է Բաստրիկինը «Российская газета»-ին տված հարցազրույցում: Բայց դա էլ, ՌՔԿ-ի ղեկավարի կարծիքով՝ բավարար չէ, և նա առաջարկում է  օրինականացնել այն ունեցվածքի առգրավումը, որը ձեռք է բերվել հանցավոր ճանապարհով և որպես նվեր տրվել է բարեկամներին կամ ծանոթներին: «Իսկ ընդհանուր առմամբ՝ ես կառաջարկեի  ՌԴ օրենսդրության մեջ վերականգնել ունեցվածքի առգրավումը՝ որպես պատժամիջոց: Հենց այդ պատժամիջոցն է ամենագործունը՝ կոռուպցիան կանխելու առումով»,- ասել է Բաստրիկինը:

 Ի դեպ, ունեցվածքի ընդհանուր բռնագրավումը լայնորեն կիրառվում էր ԽՍՀՄ-ում: Այսպես, ստալինյան ժամանակներում բռնագրավում էին «ժողովրդի թշնամիների» ունեցվածքը, ընդ որում՝ մարդկանց  թալանում էին մինչև վերջ: Բրեժնևի ժամանակ այդ պատժամիջոցը կիրառվում էր հիմնականում կաշառք վերցնելու, սպեկուլյացիայի և պետական ունեցվածքի թալանի դեպքում: Դատապարտվածների ընտանիքներից խլում էին ողջ ունեցվածքը՝ բացի մանկական իրերից և դեղամիջոցներից, թողնում էին միայն բնակարանը և նվազագույն կահույք ու հագուստ, փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘Վրաստանի վարչապետը կմասնակցի Դավոսի տնտեսական ֆորումին’
Հաջորդ հոդվածը‘Կլիչկոն կրկին հանդիպելու է Յանուկովիչի հետ’