‘Ռ. Հակոբյան. ԱԺ 4 խմբակցությունները չեն ընդունում ՎՊ հաշվետվությունը (Տեսանյութ)’

773

Վերահսկիչ պալատի մասին օրենքում շատ հստակ գրված է, որ Ազգային ժողովում պալատի հաշվետվությունը ներկայացնում է Վերահսկիչ պալատի նախագահը: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ Վերահսկիչ պալատի հաշվետվության քննարկումների ժամանակ, Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի փոխարեն՝ զեկույցը ներկայացնում էր պալատի ներկայացուցիչ Սեյրան Ավագյանը:

«Խոսքը Ազգային ժողովի նկատմամբ վերաբերմունքի մասին է: Ի՞նչ է, հանձնաժողով ձեւավորենք եւ գնանք տեսնենք, թե Իշխան Զաքարյանը որտե՞ղ է պառկած, կամ ե՞րբ կառողջանա: Ես տեսնում եմ, որ իմ ու Ազգային ժողովի նկատմամբ նվաստացուցիչ պահվածք է դրսեւորվում: Իմ գործընկերները ասում են, որ բոյկոտը խարխլում է պետականության հիմքերը: Ո՛չ, այս բոյկոտը փրկում է ձեր հեղինակությունը, որպեզի մենք կնոպկա սեղմողներ չլինենք եւ վերականգնենք մեր արժանապատվությունը»,- ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը:

Նա նշեց նաեւ, որ նախորդ տարի Իշխան Զաքարյանը բարձրաձայնել էր մի շարք խախտումների, կոռուպցիայի դեպքերի, ատկատների մասին, սակայն հանցագործության պատասխանատուները այդպես էլ չէին ենթարկվել պատասխանատվության: «Բա չճշտե՞նք, թե ու՞ր են այդ պատասխանատուները: Սեյրան Ավագյանը չի կարող պատասխանել այդ հարցերին: Սակայն ես չեմ էլ հավատում, որ եթե անգամ Իշխան Զաքարյանը այստեղ լիներ, ճշմարտությունը կհնչեր: Եթե դա ասելուց լիներ, ապա հրաժարական կտար: Ես գիտեմ՝ ճշմարտությունը որն է՝ կոռուպցիան, ատկատները կատարվում են միայն բարձրագույն իշխանության հովանավորությամբ»,- հայտարարեց Ռուբիկ Հակոբյանը՝ ընդգծելով, որ քիչ անց Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես», «Ժառանգություն», «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» խմբակցությունները հանդես կգան հայտարարությամբ, որով կհայտնեն, որ չեն ընդունում Վերահսկիչ պալատի այս հաշվետվությունը:  

Նախորդ հոդվածը‘Զուրաբյան. Սերժ Սարգսյանն արգելում է Իշխան Զաքարյանին ԱԺ ներկայանալ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Նալբանդյանը կմեկնի Գերմանիա’