‘
Երևանի թիվ 1 ընտրատարածքից պատգամավոր դարձած ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանը ԿԸՀ-ից երեկ է ստացել իր մանդատը, իսկ այսօր նա առաջին անգամ եկել էր խորհրդարան: iLur.am-ը երեկ զրուցեց ՀՀԿ-ական պատգամավորի հետ:
— Ինչո՞ւ որոշեցիք դառնալ ԱԺ պատգամավոր:
— Որոշումը կայացվել է ՀՀԿ Ավան տարածքային կազմակերպության կողմից, որոշում կայացրել է ՀՀԿ գործադիր մարմինը: Ես 1998թվականից ՀՀԿ անդամ եմ, նաև ՀՀԿ Ավանի տարածքային խորհրդի անդամ եմ, եղել եմ Ավան համայնքում ավագանու անդամ: Եվ այդ ամենը գնահատելով՝ ինձ առաջադրեցին որպես պատգամավորի թեկնածու:
— Բայց ասում են՝ ձեր կարիերայի, առաջխաղացման հարցում մեծ դերակատարում ունի նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որի աներձագն եք դուք, այսինքն՝ նա է ձեզ պատգամավոր դարձրել:
— Պատգամավոր դառնալու հարցում մեծ դերակատարություն ունեցավ թե՛ Տարոն Մարգարյանի, թե՛ իմ բոլոր կուսակից ընկերների ազդեցությունը:
— Նախընտրական ողջ քարոզարշավի ընթացքում այդպես էլ դուք հրապարակային հանդիպումներ, ելույթներ չունեցաք: Ավանում ընտրողները, լավագույն դեպքում, նախընտրական պաստառի նկարներից էին ձեզ ճանաչում:
— Ոչ, քարոզարշավը մեզ մոտ անցել է շատ ակտիվ, բակային հանդիպումներ էլ ենք ունեցել, հրապարակային չեն եղել: Մենք մասնակցել ենք մեր կուսակցության գրասենյակների հանդիպումներին թե՛ քաղաքացիների հետ, թե՛ ակտիվի հետ, թե՛ համախոհների հետ: Մենք թիվ 1 ընտրատարածքում՝ Ավան և Նոր Նորք վարչական տարածքում, ունենք 6 հազար 5 հարյուր ՀՀԿ-ի կուսակցական անդամ, նրանց հետ հանդիպելն արդեն իսկ ժողովրդի հետ հանդիպում է: Ում հետ կարողացել ենք, հանդիպել ենք: Մենք չէինք կարող ընտրատարածքի բոլոր բնակիչների՝ 34 հազարի հետ հանդիպել:
— Բայց տպավորություն է, որ ձեզ նախընտրական պաստառներից են ճանաչում:
— Դրա համար եմ ասում, որ 34 հազար հոգու հետ չէինք կարող հանդիպել:
— Ձեր մրցակից թեկնածուն՝ Ստեփան Սաֆարյանը, հայտարարում է, որ ընտրությունները կեղծված են, ինքը դիմել է ՍԴ:
— ՍԴ-ն կապացուցի՝ կեղծված են եղել, թե կեղծված չեն եղել: Ես ասում եմ՝ ընտրությունները անցել են ազատ և թափանցիկ:
— Ընտրակաշառք չեք բաժանե՞լ:
— Միանշանակ՝ ոչ:
— Բայց դուք հրապարակային դաշտում չեք եղել, ձեզ չեն ճանաչել: Եթե կեղծիքներ չեն արվել, ո՞նց եք ընտրվել:
— Ես չգիտեմ որևէ մեկին, որ ծնված լինի որպես քաղաքական գործիչ: Ես 1998թ. ՀՀԿ անդամ եմ, 33 տարի ապրել եմ Ավան համայնքում: Ինձ որպես քաղաքական գործիչ չեն ճանաչել, բայց ճանաչում են որպես մարդ:
— Թիվ 1 ընտրատարածքում պատգամավորի թափուր տեղ ազատվեց Ռուբեն Հայրապետյանի հետ կապված հայտնի սկանդալից հետո: Ինչպե՞ս եք վերաբերվում «Հարսնաքարի» դեպքերին:
— Այդ դեպքերին, որպես հայ մարդ, շատ վատ եմ վերաբերվում, դատապարտում եմ կատարվածը: Հիմա դատավարություն է գնում, ովքեր այդ արարքն արել են, միանշանակ վստահ եմ, որ պատժվելու են օրենքի ողջ խստությամբ:
— Հնարավո՞ր է՝ մի օր էլ դուք նման պատմության մեջ ընկնեք, ձեր թիկնապահները, օգնականները, բարեկամները…
— Ես թիկնապահներ կամ օգնականներ չունեմ, ես ունեմ ընկերներ, կուսակիցներ: Բոլորն էլ կարող են ինչ-որ մի պատմության մեջ ընկնել, ոչինչ կյանքում բացառված չէ:
— Ձեզ ի՞նչ է տալիս պատգամավորի մանդատը:
— Որ աշխատեմ ժողովրդի համար:
— Դուք չե՞ք հերքում, որ Տարոն Մարգարյանը կոնկրետ դերակատարություն ունի ձեր պատգամավոր դառնալու հարցում: Այսինքն՝ քաղաքապետն իր բարեկամին է դարձրել պատգամավոր: Կարելի է ենթադրել, որ Ավանում ևս ֆեոդալական կարգեր են հաստատված, այնտեղ էլ իշխում են Տարոն Մարգարյանը, Ռուբեն Հայրապետյանը:
— Ես այդ կարծիքի չեմ: Պարզապես, պարոն Հայրապետյանն ու պարոն Մարգարյանը այդ համայնքում հարգանք ունեն:
Արման Գալոյան
‘