Թբիլիսիում կարող է տեղի ունենալ ընդդիմության նոր զանգվածային ակցիան՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ազատ արձակելու պահանջով։
Վրաստան վերադառնալուց հետո ձերբակալված Սաակաշվիլին իրեն համարում է քաղբանտարկյալ և արդեն 38-րդ օրն է՝ շարունակում է հացադուլը Ռուսթավի քաղաքի բանտում։
Նախորդ օրը ընդդիմության ներկայացուցիչները Վրաստանի իշխանություններին վերջնագիր են ներկայացրել՝ 24 ժամվա ընթացքում Սաակաշվիլիին տեղափոխել մասնավոր կլինիկա։
Վրաստանի խոշորագույն ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիան տեղեկացրել է, որ վերջնագրի ժամկետն ավարտվել է, և հայտարարել է երկուշաբթի Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին։
Սաակաշվիլիի ընկերուհին՝ Ուկրաինայի գերագույն ռադայում նախագահամետ «Ժողովրդի ծառա» կուսակցությունից պատգամավոր Ելիզավետա Յասկոն հայտարարել է, որ Սաակաշվիլին ծայրահեղ ծանր վիճակում է, և նրան հարկավոր է շտապ հոսպիտալացնել։ «Անձնական բժիշկը, որն այսօր տեսել է Սաակաշվիլիին, բանտից դուրս եկավ և հայտարարեց, որ Միխեիլի վիճակը ծայրահեղ ծանր է և մի քանի ժամից շատ ավելի կվատթարանա, երբ մարդը կարող է կոմայի մեջ ընկնել, կորցնել գիտակցությունը և նույնիսկ մահանալ»,- հայտարարել է Յասկոն։
Վրաստանի ուղղիչ ծառայությունը, սակայն, հերքել է դա և հայտարարել, որ Սաակաշվիլիի առողջական վիճակը կայուն է, և նա մշտական բժշկական հսկողության տակ է։
Փոխանցում է BBC-ն։
