‘
Երեկ «Իմեդի» հեռուստատեսության եթերում Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ կան բազմաթիվ գործեր, որոնց համար նախագահ Սաակաշվիլին հավանաբար պատասխան կտա իրավապահ մարմինների առջև: Իվանիշվիլին այս առնչությամբ հիշեցրել է նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան կասկածելի հանգամանքների մասին:
Հարցին, թե քրեական գործ կհարուցվի՞ նախագահ Սաակաշվիլիի նկատմամբ, Իվանիշվիլին պատասխանել է. «Ես կառավարության ղեկավարն եմ և շատ զգուշավոր եմ, որպեսզի չանեմ կտրուկ հայտարարություններ, ես կսահմանափակեմ ինձ շատ ընդհանրական հայտարարություններով: Բնականաբար, նրա նկատմամբ ևս հարցեր կան, և բնական է, որ եթե ես հիմա ասեմ, որ նման հավանականություն չկա, դա բացառվում է՝ դա սուտ կլիներ, և ոչ մեկը չէր հասկանա, որ եթե նախկին վարչապետը (Վանո Մերաբիշվիլին) բանտում է, եթե պաշտպանության նախկին նախարարը (Բաչո Ախալայան) բանտում է, եթե մյուս պաշտպանության նախարարին (Դավիդ Քեզերաշվիլուն) ձերբակալեցին Փարիզում, եթե հետապնդվում է նախկին գլխավոր դատախազը (Զուրաբ Ադեիշվիլին), և հետապնդվում են այլ պաշտոնյաներ, իսկ ոմանց նկատմամբ էլ հարուցված են քրեական գործեր, բնականաբար հարցեր կան նաև Սահակաշվիլիի հետ կապված»,- հայտարարել է Իվանիշվիլիլին:
Լրագրողի պարզաբանող հարցին, թե արդյոք վարչապետը բացառո՞ւմ է Սաակաշվիլիի նկատմամբ քրեական հետապնդման հնարավորությունը, Իվանիշվիլին պատասխանել է՝ «իհարկե՝ չեմ բացառում»:
Անդրադառնալով լրագրողի հարցին, թե կարո՞ղ է արդյոք Զուրաբ Ժվանիայի մահը դառնալ Սաակաշվիլիի նկատմամբ քրեական գործի հարուցման պատճառ, Իվանիշվիլին նշել է. «Իհարկե, դա ևս կարող է դառնալ, շատ այլ հարցեր ևս կարող են դառնալ դրա պատճառ»: Բայց նաև հավելել է. «Ես որևէ ցանկություն չունեմ, որ իմ նախագահին հարցաքննեն կամ, ավելի վատ՝ բանտարկեն: Դա վատ է երկրի իմիջի համար: Բայց դա իմ որոշելիքը չէ, և ես չեմ կարող միջամտել, նամանավանդ, որ շուտով հեռանում եմ քաղաքականությունից»:
Նշենք, որ «Վրացական երազանք» դաշինքի՝ իշխանության գալուց հետո Վրաստանի գլխավոր դատախազությունը 2012թ. նոյեմբերին վերաբացեց Զուրաբ Ժվանիայի մահվան առնչությամբ հարուցված քրեական գործը և առանց որևէ մանրամասն հայտնելու՝ պարբերաբար հայտարարում է, որ հետաքննության հարցում կա առաջընթաց, փոխանցում է Грузия-Online-ն:
‘