‘Սաակաշվիլիի վարչակազմի պաշտոնյաները շտապում են հեռանալ երկրից’

612

Վրաստանի նախկին կառավարության պաշտոնյաներն իրենց ընտանիքներով շտապում են լքել երկիրը, ըստ Թբիլիսիում ВЗГЛЯД-ի թղթակցի՝  այսօր հայտարարել է արտաքին գործոց նախարար Մայա Փանջիկիձեն:

«Շաբաթվա ներկապնակ» թերթին տված հարցազրույցում Փանջիկիձեն հայտարարել է, թե «տարբեր դեսպանատների առջև նախկին պաշտոնյաների հերթեր են գոյացել», և հավելել է. «Այդ մարդիկ խոսում են իրենց և իրենց ընտանիքի անդամների ֆիզիկական անվտանգության մասին, իբր՝ դրա համար են ուզում լքել երկիրը: Մինչդեռ ով հանցանք չի գործել, նրան ոչ մի վտանգ չի սպառնում: Իսկ եթե որևէ մեկը խախտել է օրենքը, ապա ստացած վիզան էլ նրան չի փրկի»:

Արդեն Վրաստանից հեռացել են պաշտպանության և արդարադատության նախկին նախարարները, մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: ՆԳՆ նախկին նախարար Բաչո Ախալայան հեռացել էր Վրաստանից, ապա վերադարձել, և այժմ ձերբակալված է՝ պաշտոնական դիրքը չարաշահելու և այլ ապօրինի գործողությունների համար: Ինչպես ավելի վաղ պարբերականին հայտնել էր պատգամավոր Լևան Բարձենիշվիլին՝ «արդարադատության նախարար Շաշկինը, Զուրաբ Ադեիշվիլին, Ախալայա եղբայրները (ՆԳՆ նախկին նախարար Բաչոն և պաշտպանության փոխնախարար Դաթան) հեռանում են ոչ թե նրա համար, որ վախենում են քաղաքական հետապնդումից, այլ որովհետև վախենում են իրավապահ մարմիններից»:

Նոր իշխանությունները խոստացել են հետաքննել նախկին պաշտոնյաների գործունեությունը, այդ թվում՝ նաև նրանց, ովքեր հեռացել են Վրաստանից:

Նախորդ հոդվածը‘Հայ Առաքելական եկեղեցին քննում է քրիստոնեության տարբեր ուղղություններ դավանողների ամուսնության հարցը’
Հաջորդ հոդվածը‘Հունաստանի խորհրդարանը հաստատեց 2013-ի խնայողական բյուջեն ‘