Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբանները հինգշաբթի օրը դիմել են Թբիլիսիի քաղաքային դատարան՝ նախկին նախագահին կալանքից ազատ արձակելու միջնորդությամբ։
Նման պահանջի հիմքը Սաակաշվիլիի ծանր ախտորոշումներն են, որոնց մասին նշվում է նաև վրացի և օտարերկրյա մասնագետների անցկացրած հետազոտության մեջ, նշում է պաշտպանական կողմը։
Որպես այլընտրանք, եթե դատարանը հրաժարվի ազատ արձակել Սաակաշվիլիին, պաշտպանությունը պահանջում է հետաձգել նախկին նախագահի պատիժը։
«Փորձաքննությունների և այն ապացույցների հիման վրա, որոնք մենք ներկայացրել ենք դատարանին, կարծում եմ, որ նույնիսկ պատկերացնել հնարավոր չէ, որ դատարանը կհրաժարվի բավարարել մեր միջնորդությունը։ Դա, համարեք, մահվան դատավճիռ կլինի՝ բացարձակապես ապօրինի և առանց որևէ ապացույցի կայացված»,- ասել է Սաակաշվիլի փաստաբան Շալվա Խաչապուրիձեն։
Սաակաշվիլին, որն ուկրաինական քաղաքացիություն ունի (Վրաստանի քաղաքացիությունից նրան զրկել են), այժմ գտնվում է Թբիլիսիի «Վիվամեդի» հիվանդանոցում։
Փոխանցում է BBC-ն։