‘
Կիրակի օրը՝ նոյեմբերի 12-ին, Կիևի կենտրոնում երթ է տեղի ունեցել՝ նախագահ Պյոտր Պոռոշենկոյի իմպիչմենտի պահանջով: Չնայած վատ եղանակին՝ երթին մասնակցել է մի քանի հարյուր մարդ. ոստիկանության տվյալներով՝ 400, Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցությունից երթի կազմակերպիչների հաշվարկներով՝ հազարից ավելի:
Ցուցարարների հիմնական պահանջը իմպիչմենտի և հակակոռուպցիոն դատարանների վերաբերյալ օրենքների ընդունումն է:
«Ես առաջարկում եմ, որ եթե այդ օրենքները չընդունեն, իսկ ես կասկած չունեմ, որ չեն ընդունի, ապա դեկտեմբերի 3-ից սկսել նախագահի և ընդհանրապես՝ իշխանության իմպիչմենտի գործընթացը»,- ասել է Միխեիլ Սաակաշվիլին:
Սաակաշվիլին խոստացել է, որ «Վրդովվածների երթերը» Կիևում տեղի են ունենալու ամեն կիրակի, իսկ վրանային ավանը խորհրդարանի մոտ դառնալու է «դաստիարակչական», որտեղ կպատրաստվեն նոր ակտիվիստներ:
Սաակաշվիլիի կողմնակիցները իշխանություններին մեղադրում են ամենուրեք արմատացած կոռուպցիայի համար, իսկ իշխանության ներկայացուցիչներն, իրենց հերթին, նրանց մեղադրում են իրադրության ապակայունացման և պետական հեղաշրջում նախապատրաստելու մեջ:
Փոխանցում է euronews-ը:
‘