‘Սաակաշվիլին պատրաստ է պաշտոնանկ անել գլխավոր դատախազին’

727

Վրաստանի նախագահը պատրաստ է պաշտոնանկ անել գլխավոր դատախազին, եթե նման միջնորդություն ստացվի վարչապետից: Այս մասին հայտարարել է Միխեիլ Սաակաշվիլին հուլիսի 9-ին եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ համատեղ բրիֆինգում: Նախագահի խոսքերով՝ երեքշաբթի կայացած ասուլիսում գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին հաստատել է, որ բանտերում խոշտանգումների սկանդալային կադրերը այն ժամանակվա ընդդիմությունն ունեցել է  խորհրդարանական ընտրություններից մեկ տարի առաջ, սակայն դրանք օգտագործել է միայն նախընտրական շրջանում, ինչն էլ ապահովել է «Վրացական երազանքի» հաղթանակն ընտրություններում:

«Այդ կադրերը վաճառվել են մի ոչ աղքատ մարդու (վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին), որն էլ դրանք խելացի օգտագործել է՝ ապահովելով դաշինքի հաղթանակն ընտրություններում»,- ասել է Սաակաշվիլին՝ նշելով, թե աստիճանաբար «ամեն ծածուկ բան հայտնի է դառնում»: Նա նաև անդրադարձել է տասն ամսական Վարվառա Ռաֆալյանցի մահվան դեպքին: «Այդ աղջնակի մահվան մեջ այն ժամանակ մեղադրեցին մեր թեկնածուին, թեպետ ոչ մի ապացույց չունեին, և այդ վարկածը հիմա փլվում է: Այնպես որ՝ հիմա հրաշալի երևում է, որ այդ բոլոր մեղադրանքները լավ պլանավորված նախընտրական ակցիա էին»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ ներքին գործերի նախարար Իրակլի Գարիբաշվիլին հայտարարել է, թե հնարավոր չէ հետաքննել Վարվառա Ռաֆալյանցի մահվան դեպքը:

Վրաստանի նախագահն ընդգծել է, որ պաշտոնանկ կանի գլխավոր դատախազին, եթե վարչապետը դիմի այդ հարցով՝ «թող նա պատմի, թե ինչ կեղտոտ մեթոդներով է պայքարել մեր դեմ», փոխանցում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘«Պենտագոնի փաստաթղթերի» արտահոսքի հեղինակը Սնոուդենին կոչ է անում չհանձնվել ԱՄՆ-ին’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյան. Որևէ «ոդիսական» իրականում չկար’