‘Սակագները բարձրացան’

1329

Գազ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քվեարկությամբ, միաձայն հաստատեց գազի գինը: Ըստ այդմ՝ առաջարկվող 1 խմ-ի դիմաց սահմանվեց 156 դրամ՝ հաշվի առնելով 30% սուբսիդավորումը:

Ըստ civilnet.am-ի՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց` գազի սակագինը կբարձրանա հուլիսի 7-ից։ Հանձնաժողովը հունիսի 7-ին, քննարկելով «ՀայՌուսգազարդի» մայիսի 14-ի դիմումը՝ վերանայել վեջնական սպառողների համար գազի սակագինը, որոշեց բնակչության համար 1 խմ գազի սակագինը բարձրացնել 18%-ով` մինչև Դ156, իսկ խոշոր գազասպառողների համար 14%-ով` մինչև $276,98՝ 1000 խմ հաշվով։

«Ըստ «ՀայՌուսգազարդի» և «Գազպրոմի» պայմանագրի` գազի սակագինն ապրիլի 1-ից $270 է` 1000 խմ համար»,- ասաց ՀԾԿՀ-ի Սակագնային քաղաքականության վարչություն պետ Գարեգին Բաղրամյանը` հավելելով, որ գազի սակագնի բարձրացումը որոշակի ազդեցություն կունենա այլ ոլորտների վրա, որի գնահատումը սակայն հանձնաժողովի իրավասություններից դուրս է:

Իսկ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը նշեց, որ գազի այս սակագինը գազակայաններում կունենա 5% բարձրացման ազդեցություն:

ՀԾԿՀ-ն, հաշվարկելով վերջնական սպառողների համար գազի սակագինը, հիմք է ընդունել վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնական նամակը, ըստ որի` կառավարությունը սուբսիդավորելու է «ՀայՌուսգազարդի» կողմից սահմանին ձեռքբերվող գազի $270/1000 խմ գնի 30%-ը։ Այսինքն վերջնական սպառողների համար սակագին հաշվարկելիս հիմք է ընդունել $189/1000 խմ գազի գինը ներկայիս $180-ի փոխարեն։

«ՀայՌուսգազարդ» ընկերության վարչության նախագահ Վարդան Հարությունյանի խոսքով` սահմանին 5% գազի թանկացման պայմաններում վերջնական սպառողների համար 18% բարձրացումը պայմանավորված է նաև փոխարժեքով։ «Դոլարային արտահայտությամբ վերջնական սպառողների համար սակագինը բարձրանում է 9%-ով»,- ասաց նա:

էլեկտրաէներգիա

Մեկ այլ որոշմամբ հանձնաժողովոը որոշեց, որ բնակչության համար էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը հուլիսի 7-ից կսահմանվի 38 դրամ/կՎտժ, իսկ գիշերային սակագինը` 28 դրամ/կՎտժ, հայտնում է «Սիվիլնեթը»:

Ըստ ՀԾԿՀ Սակագնային քաղաքականության վարչություն պետ Գարեգին Բաղրամյանի` արտադրող կայանների սակագնի վերանայումը պայմանավորված է գազի գնի բարձրացմամբ, համակարգում աշխատավարձերի բարձրացումով, փոխարժեքային գործոնով և ատոմակայանի վառելիքի գների աճով։ Արդյունքում` վերջնական սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է 8 դրամով կամ 27%-ով 1 կվտ/ժ համար:

«Էներգետիկ հաշվեկշիռը կազմելիս ընտրվել է օպտիմալ տարբերակը»,- ասաց Բաղրամյանը:

Հայաստանի ատոմակայանի տնօրեն Գագիկ Մարկոսյանն էլ նշեց, որ ատոմակայանն աշխատում է մաքսիմալ ռեժիմով և արտադրում է այնքան էլեկտրաէներգիա, որքան հնարավոր է: Նա նշեց, որ սակագնում հաշվի չի առնվել փոխարժեքային գործոնը, մինչդեռ բոլոր նյութերը ձեռք են բերվում դրսից:

«Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) մասնագետներն արձանագրում են, որ ներկայիս սակագներով հնարավոր չէ ապահովել ատոմակայանի անվտանգությունը»,- նկատեց Մարկոսյանը` հավելելով, որ անվտանգության միջոցառումներն իրականացվում են ԱՄՆ-ի և Եվրամիության դոնորների միջոցով:

Ըստ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» (ՀէՑ) տնօրեն Եվգենի Բիբինի` էլեկտրաէներգիայի սակագնում վերադիրը (մարժա), սակայն, բավարար չէ ներդրումների իրականացման և ցանցերի նորոգման համար` հաշվի առնելով դրանց մաշվածության աստիճանը:

Նախորդ հոդվածը‘Էլեկտրաէներգիան հուլիսի 7-ից կթանկանա 8 դրամով. ՀԾԿՀ’
Հաջորդ հոդվածը‘Նման բան չի եղել 316 տարի. նախկին կնոջը, որից «բաժանվել է» ռուսաստանյան առաջնորդը, փակել են մենաստանում’