‘Սահակաշվիլիի դարաշրջանն ավարտվեց. «Վրացական երազանքի» թեկնածուն հաղթանակ է տանում նախագահական ընտրություններում’

1324

«Վրացական երազանք» կառավարող կոալիցիայից Վրաստանի նախագահի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին, հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տեղեկատվության համաձայն, 70,06 տոկոս ընտրատեղամասերի տվյալների ամփոփումից հետո հոկտեմբերի 27-ին կայացած ընտրություններում հավաքել է ձայների 62,13 տոկոսը, «Միասնական ազգային շարժումից» Դավիթ Բաքրաձեն՝ 21,88 տոկոսը, «Ժողովրդավարական շարժում- Միասնական Վրաստան» կուսակցությունից Նինո Բուրջանաձեն՝ 10,07 տոկոսը:

Մարգվելաշվիլիի օգտին քվեարկել է 707 հազար 432 մարդ, Բաքրաձեի օգտին՝ 249 հազար 118 մարդ, Բուրջանաձեի օգտին՝ 114 հազար 649 մարդ:

Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթենաշվիլին հավաքել է ձայների 2,88 տոկոսը, իսկ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Գեորգի Թարգամաձեն՝ 1,05 տոկոսը: Մնացած 18 թեկնածուներն առայժմ 1 տոկոսից պակաս ձայներ են հավաքել:

Վրաստանում ընտրողների ընդհանուր թիվը 3 մլն 537 հազար 719 է: Ընտրություններին մասնակցել է ընտրողների 46,6 տոկոսը կամ 1 մլն 648 հազար 662 մարդ:

Մարգվելաշվիլին, ելույթ ունենալով իր կողմնակիցների առջև շնորհակալություն է հայտնել վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին այն բանի համար, որ նա հնարավոր դարձրեց այդ հաղթանակը: «Ցանկանում եմ մեծ շնորհակալություն հայտնել ինձ համար շատ կարևոր մարդուն, ով ինձ համար կա ու միշտ կմնա շատ լուրջ հեղինակություն, իմ ընկերոջը՝ Բիձինա Իվանիշվիլիին: Բիձինան կերտեց անցյալ տարվա հաղթանակը, Բիձինան ստեղծեց մեր միասնությունը և կերտեց այսօրվա հաղթանակը»,- ասել է Մարգվելաշվիլին:

Այն բանից հետո, երբ հրապարակվեցին էկզիտ-պոլերի նախնական տվյալները, Դավիթ Բաքրաձեն Գեորգի Մարգվելաշվիլիին շնորհավորել է նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ:

Իր հեռուստաուղերձում Բաքրաձեն հայտարարել է . «Որպես ընդդիմության առաջնորդ՝ ես պատրաստ կլինեմ աշխատել կառավարության հետ, որպեսզի մեր երկիրն առաջ շարժվի, և ժողովուրդն ավելի լավ ապրի: Որպես ընդդիմության առաջնորդ՝ ես պատրաստ կլինեմ աշխատել նոր նախագահի հետ և համագործակցություն առաջարկել նրան»:

«ԿԸՀ-ի կողմից արդյունքների հաստատումից հետո ես պատրաստ կլինեմ ճանաչել ընտրությունների արդյունքները: Շնորհավորում եմ Մարգվելաշվիլիին հաղթանակի առթիվ և շնորհակալ եմ յուրաքանչյուրին, ով այսօր մասնակցել է ընտրություններին»,- ասել է Դավիթ Բաքրաձեն:

Իր հերթին վարչապետ Իվանիշվիլին նշել է, որ հսկայական հաղթանակ կլինի, եթե հաջորդ քսան տարվա ընթացքում երկիրը դառնա ամենահաջողակ ազգերից մեկը:

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդն օրհնել է Գեորգի Մարգվելաշվիլիին և նրան նվիրել Եղիա մարգարեի սրբապատկերը:

Իլիա Երկրորդը Մարգվելաշվիլիին ու նրա ընտանիքին պատրիարքարանում ընդունել է ընտրական տեղամասերի փակվելուց և էկզիտ-պոլերի նախնական արդյունքների հայտարարումից հետո:

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին իր հեռուստաուղերձում շնորհակալություն է հայտնել ընտրողներին նոր նախագահ ընտրելու համար, իսկ ընտրությունների արդյունքներից դժգոհներին հայտարարել է, որ «մենք պետք է հարգենք մեծամասնության կարծիքը»:

«Վրաստանի ընտրողն ասաց իր խոսքը, և ես ցանկանում եմ ասել բոլոր նրանց, ովքեր դժգոհ են այդ արդյունքներից. մենք պետք է հարգենք մեծամասնության կարծիքը, որովհետև ժողովրդավարության օրոք մեծամասնությունն է լուծում նման հարցերը»,- նշել է Սահակաշվիլին:

Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթենաշվիլին հայտարարել է, որ պետության ղեկավարի ընտրությունները կեղծված են «Վրացական երազանք» կոալիցիայի և Սահակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցության միջև կայացած գործարքի արդյունքում:

«Ես կոչ եմ անում միջազգային դիտորդներին չհաստատել քրեական գործարքի արդյունքները, մենք պահանջում ենք ամբողջ երկրի մասշտաբով վերահաշվել քվեաթերթիկները»,- լրագրողներին ասել է Նաթենաշվիլին, որի տվյալներով, ինքն առաջին-երկրորդ տեղն է գրավել ընտրություններում:

Նախորդ հոդվածը‘Ռոբերտ Ամիրխանյանն այլեւս կոմպոզիտորների միության նախագահը չէ ‘
Հաջորդ հոդվածը‘Արամ Սաթյանը՝ կոմպոզիտորների միության նոր նախագահն է’