‘
Վրաստանի նախագահին վնասվածքից հետո լիովին վերականգնվելու համար կպահանջվի ավելի քան մեկ ամիս, այս մասին հաղորդագրությունն ապրիլի 10-ին զետեղված է Facebook սոցիալական ցանցում՝ պետության ղեկավարի էջում՝ Ստամբուլի ամերիկյան հոսպիտալի եզրակացության վկայակոչմամբ, որտեղ անցյալ կիրակի օրը վիրահատվել է Միխեիլ Սահակաշվիլին:
Սահակաշվիլին այցով Թուրքիա է ժամանել անցյալ շաբաթ: Նախագահի մամուլի ծառայությունը երկուշաբթի օրը հաղորդել է, որ Սահակաշվիլին անցած կիրակի օրը հեծանվով մարզվելիս ուսի եռակի կոտրվածք է ստացել և վիրահատվել է:
«Ընդհանուր անզգայացմամբ վիրահատությունը տևել է մի քանի ժամ: Նախագահին վիրահատել է թուրք պրոֆեսոր Մեհմետ Դեմիրխանը: Վիրաբույժներն ուսը ֆիքսել են մետաղական ներդիրներով: Վերքի վրա բժիշկներն ստիպված են եղել դնել 40 կար»,- ասված է հաղորդագրության մեջ:
‘