‘Սահմանամերձ շրջանները չքաղաքականացնելու մասին’

1281

Բերձորում տեղի ունեցած իրադարձություններից հետո իշխանությունների հիմնական փաստարկն այն է, որ Արցախը համարվում է սահմանամերձ տարածք, և  եթե հայաստանյան քաղաքական հոսքերը մուտք գործեն այնտեղ, ապակայունացում կառաջանա, ու ադրբեջանցիները դրանից կօգտվեն: Մի կողմ թողնենք, որ հայաստանյան քաղաքական ուժերն այս կամ այն ձևով, Արցախի անկախության օրվանից  իսկ,  արդեն «մուտք գործել են» Արցախ:

Չեմ կարող հաստատապես ասել, թե իշխանությունների նկարագրած սցենարն այս պարագայում ճիշտ է, թե սխալ, սակայն մեկ այլ հարթությունից նայենք նշված հարցին: Հայաստանի գրեթե բոլոր շրջանները սահմանամերձ են, ու կան շրջաններ, որոնց բնակիչները շատ ավելի մոտ են գտնվում հայ-ադրբեջանական սահմանին, քան Արցախի բնակիչները:

Հիմա, ի՞նչ է ստացվում. Հայաստանում որևէ մեկն իրավունք չունի քաղաքականությամբ զբաղվելու՝ միայն այն պատճառաբանությամբ, որ կարող է երկրում անկայունություն տեղի ունենալ, ու դրանից օգտվի Ադրբեջա՞նը:

Այսինքն՝ ի՞նչ է ստացվում, Սերժ Սարգսյանի իշխանությունը հռչակենք հավերժ կամ մինչև այն պահը, երբ ադրբեջանական վտանգը կչեզոքանա՞: Իսկ քանի որ մոտ ապագայում մեզ այդպիսի հեռանկար չի սպասվում, ուրեմն՝ գործում է կրկին առաջին տարբերակը` Սերժ Սարգսյանի իշխանության հավերժացում:

 Հիշեցման կարգով ասեմ, որ նույնիսկ Արցախյան պատերազմի ընթացքում Հայաստանում գործում էին կուսակցություններ և իշխանությունների դեմ միտինգներ էին կազմակերպում:

Միայն այն բանից հետո, երբ կուսակցություններից մեկը փորձեց քաղաքական պայքարը «փոխարինել» ահաբեկչական գործողություններով, այն էլ՝ Հայաստանում չգրանցված կուսակցությունը, ինչը նույնպես Հայաստանի օրենքներին դեմ էր, միայն այդ ժամանակ փակվեց այդ կուսակցությունը, իսկ մնացած ընդդիմադիր կուսակցությունները կրկին շարունակեցին իրենց գործունեությունը, ու որևէ մեկը նրանց չմեղադրեց դավաճանության մեջ:

Դուք պարզապես համեմատեք պատերազմական իրավիճակն ու զինադադարը, երբ առաջին դեպքում իշխանությունների գայթակղությունն ավելի մեծ է հայտարարել, որ անբարոյականություն է պատերազմական իրավիճակում ներքին խժդժություններ հրահրելը, իսկ երկրորդ դեպքում կարող է կուսակցություններին հնարավորություն տրվի ինքնարտահայտվելու և ժողովրդավարական սկզբունքից ելնելով՝ ընտրազանգված հավաքելու:

Սակայն ի պատիվ այն ժամանակվա իշխանությունների՝ նրանք այդ գայթակղությանը չգնացին, դրա համար էլ ունեցանք Արցախյան պատերազմի հաղթանակը, իսկ ադրբեջանական կողմը գնաց հակառակ ճանապարհով, ու պատերազմում կռվելու փոխարեն՝ երկրի ներսում «վհուկների որսեր» էին կազմակերպում:

Եթե որևէ կուսակցություն չի անցել օրենքի սահմանը, և եթե նույնիսկ, ըստ մեր հանաճարեղ իշխանությունների «տրամաբանության», նրա հայտարարություններից օգտվում է թշնամին, դա դեռ իրավունք չի տալիս իշխանություններին բռնաճնշումներ իրականացնել տվյալ կուսակցության նկատմամբ: Միայն այն դեպքում, երբ քաղաքական ուժը անցնի օրինականության սահմանը, այդ պարագայում իշխանությունները լրիվ իրավունք ունեն օրենքի ամբողջ խստությամբ պատժել կարգազանցներին:

Ցավոք սրտի՝ այս պարզագույն ճշմարտությունը որոշ ուժեր չեն հասկանում ու պարզունակ համենատություններ են անում այս կամ այն իրադարձությունների միջև:

Առաքել Սեմիրջյան

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ա. Լուկաշևիչը՝ ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի մասին’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի դիմորդները Ռուսաստանի լավագույն բուհեր ընդունվելու հնարավորություն կստանան’