‘Սահմանամերձ Ոսկեվան գյուղի բնակչուհին եռյակ է ունեցել’

1162

Երևանի բժշկական կենտրոններից մեկում արձանագրվել է բժշկական պրակտիկայում բավականին հազվագյուտ դեպք. 25-ամյա Անժելա Մնացականյանը եռյակ է լույս աշխարհ բերել ընդ որում` բնական բեղմնավորման ճանապարհով:

Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է հղիության շրջանում Անժելային հետևող մանկաբարձ Անաիդա Անանյանը, իր աշխատանքային պրակտիկայում դա երկրորդ դեպքն է, երբ եռյակ է ծնվում բնական բեղմնավորման ճանապարհով: «Նման դեպքերը լինում են, ավելի հաճախ, արհեստական բեղմնավորման ճանապարհով, սակայն հազվադեպ են բնական բեղմնավորման դեպքում», — պարզաբանել է բժիշկը: Երիտասարդ մայրը եռյակին լույս աշխարհ է բերել փետրվարի 5-ին` կեսարյան հատման ճանապարհով, և իրեն շատ լավ է զգում, նույնիսկ, պատրաստ է դուրս գրվել հիվանդանոցից: Անժելայի հավաստմամբ, ոչ մի բարդություն չկա, ինքը և փոքրիկներն իրենց շատ լավ են զգում:

Ուշագրավ է, որ սա Անժելայի երկրորդ ծննդաբերությունն է: Առաջին անգամ նա մայր է դարձել 20 տարեկանում` լույս աշխարհ բերելով Արարատին: Այժմ Անժելան արդեն չորս փոքրիկների մայր է 2,6 կգ քաշով ծնված Արամեի, 2,5 կգ քաշով ծնված Վահեի և 1,7 կգ քաշով ծնված Վաչեի:

Մինչև փոքրիկների ծնվելն Անժելան ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի էր                                   Տավուշի մարզի սահմանամերձ  Ոսկեվան  գյուղի դպրոցում, իսկ եռյակի հայրը` Արմեն Բաղդասարյանը, ոստիկան է: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք դժվար չի լինի ոտքի կանգնեցնել չորս տղաներին, այն էլ` սահմանամերձ գյուղում, Անժելան հայտարարել է. «Աստված տվել է, Աստծո օգնությամբ էլ կմեծացնենք: Սահմանամերձ շրջաններում տղաները, պարզապես, անհրաժեշտ են, էլ ո՞վ է պաշտպանելու հայրենիքը, եթե ոչ` նրանք»:

Նախորդ հոդվածը‘Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքական գործիչները՝ Արտակ Խաչատրյանի դեմ բռնության մասին (Տեսանյութ)’