‘Սահմանին զոհված Արման Ուդումյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով’

1108

Սերժ Սարգսյանի հրամանագրով, հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության և անձնազոհության համար N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Ռաշիդի Ուդումյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով: Հիշեցնենք, որ Բերդի տարածաշրջանի սահմանագոտում ադրբեջանական դիպուկահարի գնդակից երեկ՝ հունվարի 21-ին զոհվել էր Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղի բնակիչ 34-ամյա Արման Ռաշիդի Ուդումյանը:

Իր հերթին ՀՀ քննչական կոմիտեն քիչ առաջ տեղեկացրել է, որ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության, կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով ՀՀ զինված ուժերի պայմանագրային զինծառայող Արման Ուդումյանի սպանության դեպքի առթիվ։

21.01.2015թ.` ժամը 18:00-ի սահմաններում, հակառակորդի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական ատելության, կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, սպանելու դիտավորությամբ հրազենից կրակոց է արձակվել N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում մարտական հերթապահության նշանակված նույն զորամասի պայմանագրային զինծառայող Արման Ռաշիդի Ուդումյանի ուղղությամբ, որի հետեւանքով վերջինս գլխի շրջանում ստացել է  հրազենային վնասվածք եւ մահացել:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով հարուցվել է քրեական գործ:


Նախորդ հոդվածը‘Կոստանյան. ՌԴ սահմանապահները պարտավոր էին հանձնել Պերմյակովին (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Մեսսիի կյանքի դասերը. «Ես դեմ չեմ լավագույնը լինելուն, բայց միայն նրա համար, որ կատարելության տեսանկյունից քննադատեմ ինձ» ‘