‘Սահմանին կրակում են, իսկ Սերժ Սարգսյանը քեֆերի մեջ է’

5455

Օրվա լրահոսի կենտրոնական թեման սահմաններում սրվող իրավիճակն է. դիվերսիոն խմբերի ներթափանցումներ, սահմանամերձ բնակավայրերի տևական և ամենօրյա հրետակոծումներ, Ադրբեջանը ծանր տեխնիկա է տեղափոխում սահմանի ուղղությամբ, կործանիչներ են օդ բարձրանում,  գրեթե ամեն օր տեղեկություններ զոհերի մասին, Ռուսաստանի ԱԳՆ-ն, նաև ԱՄՆ կառավարությունը անհանգստություն են հայտնում սահմանային գոտում հրադադարի ռեժիմի աննախադեպ խախտումների առիթով, որոնք ուղեկցվում են մարդկային զոհերով…

Ու այս ամենի մեջ ստացվում է հավաստի մի տեղեկություն. մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանը մասնակցել է իր աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի… Չէ, Վիգեն Սարգսյանի օգնականի… Չէ, Վիգեն Սարգսյանի օգնականի եղբոր հարսանիքին…

Էստեղ է՛լ մեկնաբանելու բան չկա։ Էստեղ լուծում է պետք։ Սահմանադրական լուծում։

Սերժ Սարգսյանի չհավանած Սահմանադրությունը (քանի դեռ չի հասցրել փոխել) տալիս է այդ լուծումը.

«Հոդված 59. Հանրապետության Նախագահի ծանր հիվանդության կամ նրա լիազորությունների կատարման համար այլ անհաղթահարելի խոչընդոտների առկայության դեպքերում, որոնք տևականորեն անհնարին են դարձնում նրա լիազորությունների կատարումը, Ազգային ժողովը կառավարության առաջարկով և սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով որոշում է ընդունում Հանրապետության Նախագահի՝ իր լիազորությունների կատարման անհնարինության մասին…»:

Էստեղ նաև դատապարտելի բան չկա։ Մարդ արարածը ենթակա է ոչ միայն ֆիզիկական ծանր հիվանդություններով ախտահարման։ Եւ պարտադիր չէ՝ այդ հիվանդությունը լինի հանրածանոթ հիվանդությունների ցանկում։ Այն կարող է կոչվել, ասենք, հարսանքամոլություն:

Պատկերացրեք՝ Հայաստանում քանի բարձրաստիճան պաշտոնյա կա՝ նախարարների, նրանց տեղակալների, պատգամավորների, սրանց օգնականների մակարդակով, այս բոլորի եղբայրների ու քույրերի շրջանակով հանդերձ։ Նկատի ունենանք նաև, որ ուրախանալու առիթները լինում են ոչ միայն հարսանիքների, այլև ծնունդների, կնունքների տեսքով և այլն։ Ու ակնհայտորեն խոսքը միայն ուրախությունների մասնակցելու անհաղթահարելի ցանկության մասին չէ։ Մարդը մշտական կոմայի մեջ է թե բացարձակ երանության՝ դա հե՛նց Սահմանադրության հիշյալ հոդվածով նախատեսված անհաղթահարելի խոչընդոտն է, որ անհնարին է դարձնում նրա պարտականությունների կատարումը։ Ինչի արդյունքն արդեն իսկ բոլորիս աչքի առաջ է։ Իսկ այս հարսանիքն ընդամենը մի օրինակ է, որ մատնում է ծանր հիվանդությունը։ Երբ խոսքը հիվանդության մասին է, արդեն ավելորդ է հիշել՝ հրետակոծումներ, զոհեր, և որևէ բան ասել բարոյական հարթության վրա։

Այստեղ սահմանադրական լուծում է պետք։ Ու հատկապես՝ հիմա, այս պայմաններում։ Խոսքը ոչ միայն երկրի, պետության, այլև նրա յուրաքանչյուր քաղաքացու ճակատագրի, յուրաքանչյուրիս կյանքի մասին է։

Անկախ այն բանից, թե ինչ որակ ունի այսօրվա կառավարությունը, Ազգային ժողովը և Սահմանադրական դատարանը պետք է նվազագույն լրջախոհություն ունենան՝ սկսելու ու հնարավորինս արագ ավարտին հասցնելու սահմանադրական այս գործընթացը։ Հատկապես հիմա, երբ ամենօրյա հարսանքավորի տևական հանցավոր անգործությունը երկիրը բերել հասցրել է պատերազմի շեմին: Հակառակ դեպքում յուրաքանչյուրն անձնական պատասխանատվություն է կրելու ապագայում։

Նարեկ Կարապետյան

Նախորդ հոդվածը‘ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպեցին Սեյրան Օհանյանի հետ’
Հաջորդ հոդվածը‘Արցախի վարչապետը կգիշերի առաջնագծում’