‘Սամսոն Ղազարյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման’

1163

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, այսօր «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, նախկին պատգամավոր Սամսոն Ղազարյանին դատապարտեց 4 տարվա ազատազրկման:
 
Դատարանն այսպիսով հաստատված համարեց ամբաստանյալին ներկայացված խարդախության մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի  3-րդ մասի 1-ին կետով ու դատապարտեց հիշյալ՝ 4 տարվա ազատազրկման, իսկ վաշխառության հոդվածը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով վերաորակեց  նույն հոդվածի  1-ին կետով և այդ հոդվածով նշանակված 1 տարվա ազատազրկման պատժից ազատեց՝ ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ  ընդունված համաներման մասին որոշմամբ:
 
Գործով դատավարական հսկողություն իրականացնող դատախազ Սամվել Հարությունյանն իր մեղադրական ճառում հիմնավորված էր համարել առանձնապես խոշոր չափերի խարդախության և տուժողին ծանր կացության հասցրած վաշխառության՝ ամբաստանալ Սամսոն Ղազարյանին ներկայացված մեղադրանքը և միջնորդել ամբաստանյալին դատապարտել 5 տարվա ազատազրկման:
 
Պաշտպանական  կողմը, հակառակը,  գտնում է, որ մեղադրանքն անհիմն է, ուստի միջնորդել էր  կայացնել արդարացման դատավճիռ: Ամբաստանյալն այսօր իր վերջին խոսքում հայտարարել էր,  որ նախաքննությունն անց է կացվել միակողմանի, խոչընդոտվել է իր պաշտպանվելու հնարավորությունները, անգամ նախաքննական ցուցմունքներ տվել է իր նախաձեռնությամբ, իսկ նախաքննության ավարտի դեմ իր բողոքը մերժվել է ՀՀ Սահմանադրության օրը և գործն «հապճեպ ուղարկվել է դատարան»:
 
«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում Ս.Ղազարյանը հայտարարեց, որ անպայման բողոքարկելու է դատավճիռը ՀՀ վերաքննիչ քրեական  դատարան:
 
Ս.Ղազարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, թողնվել է անփոփոխ՝ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։
Կարդացեք նաև Սամսոն Ղազարյանի հարցազրույցը:

Նախորդ հոդվածը‘Արթուր Գրիգորյան. Կոնգրես կուսակցություն հիմնելը ունի շատ կոնկրետ հիմնավորումներ’
Հաջորդ հոդվածը‘«Շախտյոր» — «Բորուսիա». բուքմեյքերների կարծիքն ու հանդիպման ներկայացումը. Տեսանյութ’