‘Սամսոն Ղազարյան. Ես սա քաղաքական հետապնդում չեմ համարում’

1644

Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Աժ նախկին պատգամավոր Սամսոն Ղազարյանին խարդախության մեղադրանքով դատապարտեց 4 տարվա ազատազրկման: Ս. Ղազարյանը կալանավորվելու է դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, մինչ այդ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Պարոն Ղազարյան, փաստորեն, այսօր դատարանը որոշեց Ձեզ դատապարտել 4 տարվա ազատազրկման, ինչպե՞ս կմեկնաբանեք այդ դատավճիռը:

— Ընդամենը դատավորն ընթերցեց վճռի եզրակացությունը, ես վճիռը կստանամ, այնուհետև նոր մենք կզրուցենք՝ այդ թեմայի հետ կապված:

Բայց, այնուամենայնիվ այս ամենն իրականացվում է Ձեր դեմ, սա համարո՞ւմ եք քաղաքական հետապնդում, թե՞ ոչ:

— Ոչ, ես սա քաղաքական հետապնդում չեմ համարում: Ես վերջնականապես համոզվել եմ, որ իմ հակառակորդը՝ այսպես կոչված տուժողը, թյուրիմացության մեջ է գցել իրավապահ մարմիններին: Բացի այդ, տուժողի ներկայացուցիչը՝ Հրանտ Գևորգյանը, կոնկրետ գլխավոր դատախազի երկրացին է, ու նրա եղբայրը՝ Համլետ Գևորգյանը, վկաներ է հավաքագրել: Ես կարծում եմ, որ իրենք թյուրիմացության մեջ են գցել դատախազության ամբողջ համակարգին:

Ի՞նչ առումով են թյուրիմացության մեջ գցել, Դուք ի՞նչ հիմքեր ունեք, որ նման եզրակացության եք եկել:

— Կեղծ, ուռճացված փաստաթղթեր, կեղծ վկաներ, անհեթեթ հիմնավորումներ: Միակողմանի է եղել նաև նախաքննությունը, իսկ դատաքննության ընթացքում էլ ամեն ինչ արվել է, որ «լղոզված» ձևով քննվեն փաստերն ու այսպես կոչված վկաների ցուցմունքները:

Այնուամենայնիվ վերջին շրջանում իշխանությունների կողմից հատուկ բացասական վերաբերմունք է կարծես նկատվում «Ղարաբաղ» կոմիտեի անդամների հանդեպ. Աշոտ Մանուչարյանի, Վանո Սիրադեղյանի նկատմամբ քաղաքական հալածանք է իրականացվում, ու նա 10 տարուց ավելի է՝ ՀՀում չէ: Այս առումով որևէ միտում չե՞ք տեսնում:

— Սա վաղուց է սկսվել, արդեն երկրորդ տարին է՝ ընթանում է ինձ հետ կապված դատական պրոցեսը և շարունակվելու է, քանի որ ես բողոքարկելու եմ վճիռը: Ուղղակի նշեմ, որ սա բացարձակապես կապ չունի իմ քաղաքական գործունեության հետ, ես խորապես համոզված եմ: Եթե իմ կենսագրությանը տեղյակ եք, ապա կիմանաք, որ ես երբևէ որևէ մանիպուլյացիա չեմ արել: Եթե հարկ է եղել, ես քննադատել եմ իշխանություններին 2006- 2007թթ. ընթացքում: Հանիրավի սա կապել քաղաքական պատվերի հետ՝ չի կարելի: Իսկ մնացածի հետ կապված՝ ասեմ, որ դա առանձին խոսելու թեմա է, ես չէի ասի՝ հալածանք: Վանո Սիրադեղյանի մասով միանգամայն այլ թեմա է: Վ. Սիրադեղյանն իմ ամենամոտ ընկերն էր «Ղարաբաղ» կոմիտեի անդամների մեջ, և մինչև այսօր նա իմ ընկերն է: Ես դա այդպես եմ համարում: Հալածանքներ բառով ես չեմ բնորոշի, ուղղակի կա մոտեցումների տարբերություն: Կան հարցեր, որ համաձայն եմ Սերժ Սարգսյանի հետ, կան, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ եմ համամիտ: Սա բոլորովին այլ հարց է:

Բայց այսօր փաստը մնում է փաստ, որ «Ղարաբաղ» կոմիտեի անդամներն արժանացել են արհամարհանքի

— Դե գիտեք ի՞նչ, այդ հարցը ևս շատ տարողունակ է, եկեք հիմա չպատասխանեմ այդ հարցին, ես դա հալածանք ու արհամարհանք չէի համարի: Իսկ ինչ վերաբերվում է Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքին, ապա ես ընտրությունների ընթացքում եղել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմից, ու այն բացերը, որոնք առկա են երկրում, դրանց մասին ասել եմ բարձրաձայն: Այսինքն՝ այսօր համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ, ինչը ես մաշկիս վրա զգացի այս դատաքննության ընթացքում:

Աղբյուրը՝ «Ժողովուրդ» օրաթերթ

Նախորդ հոդվածը‘Դպրոցի տնօրենների համար «խիյարը թա՞րս բուսնեց». Մամուլ’
Հաջորդ հոդվածը’11 ամենաթանկ իսպանացի ֆուտբոլիստները’