‘Սամվել Աբրահամյան. Իշխանությունը գործի է դրել հին ու մաշված մեթոդները (վիդեո)’

1534

Նախորդ շաբաթ կայացան ընդդիմության մարզային հանրահավաքները Աբովյանում, Հրազդանում, Սիսիանում և Կապանում: Մինչև հոկտեմբերի 10-ի՝ Ազատության հրապարակում կայանալիք համապետական հանրահավաքը նախատեսված է ևս չորս մարզային հանդիպում: 

Ամփոփելով նախորդ հանրահավաքների արդյունքները՝ Հայ ազգային կոնգրեսի  գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը նշեց, որ դրանք հետագա հիմնական գործողություններից առաջ շատ կարևոր եզրակացությունների հանգեցրին:

«Նախ, շատ կարևոր էր փորձարկել Եռյակի համատեղ աշխատանքի արդյունավետությունը, որովհետև նախկինում այս ինտենսիվությամբ երեք կուսակցությունները միասին գործողություններ չէին արել: Այս առումով անցած փուլը լիովին հաջողված էր. երեք թիմերն էլ կես խոսքից իրար հասկանում են», — iLur.am-ի հետ զրույցում ասաց պարոն Աբրահամյանը:

Նրա խոսքով, անհրաժեշտ էր նաև հասկանալ ժողովրդի վերաբերմունքը գործընթացին՝ որքանով է ժողովուրդը պատրաստ մասնակցել գործընթացին: Ըստ Սամվել Աբրահամյանի, այս առումով խորքային պրոցեսները ցույց տվեցին, որ Եռյակը լուրջ աջակցություն ունի հասարակության մեջ, անկախ նրանից, թե որքան մարդ է մասնակցել հանրահավաքներին: «Եվ սա լրացուցիչ լիցք է տալիս, լրացուցիչ վստահություն է տալիս քաղաքական ուժերին՝ հոկտեմբերի 10-ին և դրանից հետո շարունակվելիք գործընթացի համար», — նշեց նա:
Երրորդ հարցը, ըստ մեր զրուցակցի, իշխանության արձագանքն էր, որը, հատկապես Աբովյանի հանրահավաքից հետո ցույց տվեց, որ իշխանությունը մեծ վախեր ունի այս գործընթացից:

«Նա հասկանում է, որ այս գործընթացը քաղաքական առումով վտանգավոր է իշխանության համար: Այսինքն, իշխանությունը կորցնելու է սրա արդյունքում: Եւ իշխանությունը դիմեց իր հին ու մաշված մեթոդներին և սկսեց կիրառել իր ողջ զինանոցը, որը մեզ շատ ծանոթ է: Որևէ նորություն այստեղ չտեսանք: Պետք է ասել, որ նրանց արսենալը բավական հնացած է, իսկ դրա դեմ մենք մեր արսենալն ունենք, որը մեծ քանակի հակաքայլեր է պարունակում», — ասաց Սամվել Աբրահամյանը:

Քաղաքական գործչի խոսքով, գործընթացի մեջ մտնելիս կարևոր է հասկանալ, թե որքանով է ժողովուրդը ընկալում քաղաքական ուժերի առաջ քաշած խնդիրները, և որ հարցերն են նրան առավել հուզում:

«Այս առումով էլ կարող ենք ասել, որ լիակատար ներդաշնակություն կա քաղաքական ուժերի բարձրացրած խնդիրների և ժողովրդի ակնկալիքների միջև: Հանրահավաքները ցույց տվեցին, որ ժողովրդի գլխավոր հույզերը, պահանջները կենտրոնանում են Սերժ Սարգսյանի հեռացման ծնդրի շուրջ; Այսինքն, ժողովուրդ հրաշալի հասկանում է, որ բարձրացրած բոլոր խնդիրները կարելի է լուծել, բայց նախևառաջ պետք է լուծել Սերժ Սարգսյանի ղեկավարած ռեժիմի հեռացման հարցը, մինչև այս խնդիրը չլուծվի, մյուս խնդիրների լուծումը շատ բարդ է լինելու», — ասաց Սամվել Աբրահամյանը:

Մանրամասները՝ տեսանյութում.

Նախորդ հոդվածը‘Հակահայկական զեկույցի ընդունումը ԵԽԽՎ-ում չհաջողվեց տապալել ‘
Հաջորդ հոդվածը‘Քեմերոնը հրապարակավ ներողություն է խնդրել «մռլտացող» Ելիզավետա II-ի մասին արտահայտության համար’