‘Սամվել Աբրահամյան. Խմբակցությունները քննարկում են ՀԱԿ-ի ներկայացրած փաթեթը ‘

836

«Բարգավաճ Հայաստան», «Դաշնակցություն», «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցություններն իրենց պատրաստակամությունն են հայտնել քննարկելու «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ներկայացրած՝ ընտրական և քրեական օրենսգրքերում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, և գտնել ընդհանուր մոտեցումներ: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց Հայ ազգային Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի օգնական Սամվել Աբրահամյանը, ով նաև այս օրենսդրական նախաձեռնության հեղինակներից է:

«Փաթեթը հոկտեմբերի 12-ին է ուղարկվել խմբակցություններին: Ըստ երևույթին՝ իրենք դեռ ծանոթանում են նախագծին: Դրանից հետո բնական է՝ հարցադրումներ կլինեն, տեսակետներ կլինեն, նոր արդեն կոնկրետ գործնականում կքննարկենք: Բայց պատրաստակամություն կա համագործակցելու»,- նշեց Աբրահամյանը:

Մեր այն հարցին, թե որ խմբակցություններից են աջակցություն ակնկալում, Սամվել Աբրահամյանը պատասխանեց՝ առնվազն ԲՀԿ-ից, ՀՅԴ-ից ու «Ժառանգությունից»:

Նշենք, որ խմբակցությունը, մասնավորապես, առաջարկում է քվեարկողների մատների թանաքոտում, ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրում, քվեարկությունից հետո ցուցակների հրապարակայնացում։ 

Նախորդ հոդվածը‘Ռոման Բերեզովսկի. Սա շատ լուրջ միջադեպ էր’
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատը Facebook-ից. Առաքել Սեմիրջյան. ՀԱԿ-ը պետք է համագործակցի նույնիսկ Սերժ Սարգսյանի հետ, որպեսզի նրան օգնի հեռանալ ‘