‘
«Սերժ Սարգսյանին հաջողվեց առժամանակ ամրապնդել որոշակիորեն իր դիրքերը եւ ընդդիմությունը՝ մի քանի նվաճված բարձունքներից նահանջ ապրեց: Սա չի նշանակում, որ իշխանությունը ուժեղացավ, որովհետեւ իշխանության ուժը բոլորովին այլ չափանիշներով պետք է չափել: Տեղի ունեցածը կարելի է գնահատել, որպես իշխանության գոնե ժամանակավոր ձեռքբերում եւ ընդդիմության ժամանակավոր նահանջ»,- «Սիվիլնեթ»-ի եթերում հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի վարչության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը: Նրա խոսքով, իշխանության եւ ընդդիմության միջեւ բալանսը խախտվել է հոգուտ Սերժ Սարգսյանի, իսկ քաղաքական ուժի համար շատ կարեւոր է ուժերի բալանսը ապահովել եւ հետո նոր սկսել որոշակի գործողություններ: Աբրահամյանը միաժամանակ շեշտել է, որ քաղաքական ուժերը պարտավոր են հասարակությանը հուզող կամ պետության շահերից ելնելով ամենակարեւոր հարցերում արտահայտել իրենց դիրքորոշումը եւ հստակ գործողություններ անել անկախ նրանից՝ իրենց ուժը այս պահին բավարա՞ր է դա անելու, թե՞ ոչ:
Անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումների հարցին, Սամվել Աբրհամյանը նախ հստակեցրեց այն խնդիրները, որոնք կանգնած են Հայաստանի առջեւ, որոնց լուծմանը պետք է ծառայի Սահմանադրությունը:
«Նախեւառաջ, դա անվտանգության ապահովման խնդիրն է, կապված Լեռնային Ղարաբաղի խնդրի չկարգավորված վիճակի հետ, երկրորդը դա դեմոկրատիայի հաստատման խնդիրն է, հաջորդը դա տնտեսական ճգնաժամը հաղթահարելու խնդիրն է, ձեւավորված քրեա-օլիգարխիկ, ավազակապետական համակարգը վերացնելու խնդիրն է: Այս չորս խնդիրն է, որ այսօր պետությունը պետք է լուծի: Հիմա, այս Սահմանադրական փոփոխություններով առաջարկվում է այս խնդիրները լուծե՞լ»,- հայտարարել է նա: Աբրահամյանի կարծիքով՝ Սերժ Սարգսյանը աբսուրդի հասնող մեկ այլ բան է անում. ժամանակին առաջարկելով այս փոփոխությունները՝ վերջինս հայտարարել էր, որ կա մասնագետների մի խումբ, որոնք կարծում են, որ Հայաստանի համար լավագույն մոդելը խորհրդարանականն է, իսկ ինքը պնդում է, որ համաձայն չէ դրա հետ:
«Միգուցե, աշխարհում առաջին դեպքն է, երբ մարդ նախաձեռնում է մի գործընթաց, որին ինքը դեմ է»,- ասաց Սամվել Աբրահամյանը:
«Մենք համոզված ենք, որ անվտանգության խնդիրը խորհրդարանական համակարգի անցնելու պարագայում շատ ավելի լրջանալու է, Սերժ Սարգսյանը մի քանի օր առաջ ինքն էլ հաստատեց դա», — շարունակել է Աբրահամյանը, նշելով, որ նույնն էլ վերաբերում է օլիգարխիկ համակարգի կազմաքանդմանը, իսկ տնտեսական զարգացում ապահովելն էլ ոչ մի կապ չունի կառավարման մոդելի ընտրության հետ: Հետեւաբար, եթե այս գլխավոր խնդիրները Սահմանադրական փոփոխությունները չեն լուծելու, ապա, ըստ Աբրահամյանի՝ անհասկանալի է, թե ինչ խնդիր է լուծելու:
«Մեզ համար, իհարկե, հասկանալի է, թե ինչ խնդիր է փորձելու լուծել Սերժ Սարգսյանը այս փոփոխություններով: Միակ խնդիրը, որ նա փորձում է լուծել այս փոփոխություններով, դա իր իշխանությունը հավերժացնելու, ցմահ իշխելու համար ճանապարհ բացելն է»,- հայտարարել է Սամվել Աբրահամյանը:
Նա նաեւ եւս մեկ անգամ նշել է, որ Հայ ազգային կոնգրեսը այս կեղծ փոփոխությունների բովանդակային քննարկման մեջ չի մտնելու: Անդրադառնալով այն հարցին, որ Կոնգրեսին չէին հրավիրել Սարգսյանի հետ քննարկմանը՝ Սամվել Աբրահամյանը նկատել է. «Իսկ ի՞նչ խնդիր էին լուծում այն քաղաքական ուժերը, որոնք գնացին Սերժ Սարգսյանի հետ քննարկման, եւ ի՞նչ խնդիր էր լուծում Սերժ Սարգսյանը նրանց հրավիրելով»: Սամվել Աբրահամյանը նշել է, որ ցանկացած քաղաքական ուժ իր մոտեցումներն ու դիտարկումները ամեն օր կարող է ներկայացնել հրապարակային ձեւով, եւ Սերժ Սարգսյանը դրանք շատ լավ գիտի, եւ հանդիպման իմաստը մնում է անհասկանալի: Փոխարենը, լիովին հասկանալի է Սերժ Սարգսյանի մոտեցումը:
«Քաղաքական դաշտին մի հարված հասցնելուց եւ քաղաքական դաշտը առժամանակ պարալիզացնելուց հետո, պետք է մի խնդիր լուծեր, ցույց տալով, որ քաղաքական դաշտը կոնսոլիդացնում է իր շուրջ»,- ասել է Աբրահամյանը՝ շեշտելով, որ իրականում դա որեւէ կոնսոլիդացիա չի նշանակում. դա իմիտացիա էր:
Վերջում, Սամվել Աբրահամյանը նշել է, որ անկախ նրանից՝ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին գործը կհասնի՞, թե՞՝ ոչ, շատ կարեւոր է, որ մեր հասարակությունը գիտակցի, որ դա հավասարազոր է արտահերթ նախագահական ընտրություններին:
«Այդ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նույն բանն է, ինչ արտահերթ նախագահական ընտրությունը», — հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի վարչության գործադիր քարտուղարը:
Տեսանյութը՝ «Սիվիլնեթ»-ի:
‘