‘
Ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա առաջին երեք ամիսներին Հայաստանի առաջին հազար խոշոր հարկ վճարողները պետբյուջե են փոխանցել 152․3 միլիարդ դրամ, ինչը 1.3 տոկոսով կամ 154.3 միլիարդ դրամով պակաս է 2014 թվականի նույն ժամանակահատվածում վճարված հարկերից ու տուրքերից:
«Ազատությունը» գրում է, որ անցած տարվա վերջին երկու ամիսներին հայկական դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվեց շուրջ 16.5 տոկոսով, և եթե ցուցանիշները դիտարկում ենք դոլարով, տեսնում ենք, որ անկումը տասն անգամ մեծ է: Այս տարվա հունվար-մարտ ամիսներին հայաստանյան խոշորագույն ընկերությունները պետբյուջե են փոխանցել մոտ 323 միլիոն դոլար, ինչը ավելի քան 13 տոկոսով պակաս է 2014-ի նույն ժամանակահատվածում կատարված վճարումներից:
Տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի խոսքով, Հայաստանի տնտեսության գրեթե երեք քառորդը ներկայացնող հազար խոշոր ընկերությունների վճարած հարկերի նման կտրուկ անկումը պարզորոշ վկայում է, որ երկրում տնտեսական ճգնաժամ է․ — «Նաև պիտի արձանագրենք, որ բյուջեն թերակատարվում է, թերակատարվում է շատ մեծ ծավալներով․ իմ հաշվարկներով, [այս տարվա առաջին երեք ամիսներին] մոտ 80-85 միլիոն դոլար քիչ գումար է հավաքվել, քան նախատեսված էր պետական բյուջեով»:
Ֆինանսների նախարարության հրապարակած տվյալներից նաև հայտնի է դառնում, որ ներկրմամբ զբաղվող երկու խոշոր ընկերություններ՝ «Ալեքս գրիգ»-ը և «Սամ-Սեր գրուպը», որոնք, ըստ լրատվամիջոցների, որոշ ապրանքատեսակների ներկրման մոնոպոլիստներ են ու պատկանում են ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին, 2015 թվականի հունվար-մարտին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելի քան 26 տոկոսով նվազեցրել են հարկերն ու տուրքերը:
Մյուս կողմից, եթե այդ ընկերությունների մուծած հարկերը հաշվարկենք ԱՄՆ դոլարով, կստացվի, որ ավելի քան 35 տոկոսով են պակաս վճարել:
Ընդ որում պարզվում է, որ «Ալեքս գրիգ» ընկերությունը այս տարվա առաջին երեք ամիսներին դոլարով ավելի քիչ հարկ է վճարել, քան ճգնաժամային 2009-ին: Այս տարի վճարել է 8.3 միլիոն դոլար, այն ժամանակ վճարել էր 9.6 միլիոն դոլար․ տարբերությունը ավելի քան 13 տոկոս է:
Գևորգյանը հիշեցրել է, որ մոտ մեկ տարի առաջ Կառավարությունը հայտարարել էր, թե ստվերի դեմ պայքար է սկսում, որի նպատակը խոշոր բիզնեսին հարկային դաշտ բերելն էր․ — «Պայքար ստվերի դեմ արտահայտությունը միշտ վերցնենք չակերտների մեջ, որովհետև նման պայքար իրականում Հայաստանում չի իրականացվում: Դա ապրիորի բացառված է Հայաստանում: Գործող իշխանական համակարգի, գործող ընդհանրապես համակարգի պայմաններում չի կարող լինել պայքար ստվերի դեմ, որովհետև իշխանությունը պայքարելու է իշխանության դեմ, ինքն իր դեմ: Նման բան չի կաորղ պատահել ուղղակի»:
‘