‘Սամվել Կարաբեկյան. Յոլա’

1040

Սամվել Կարաբեկյանը Ֆեյսբուքում գրել է.

«Առավոտյան գնում եմ շուկա։

«Ո՞նց ես»։ Հարցիս հարևանս, մեզանում արմատավորված քաղաքավարական նորմերին համապատասխան՝ դեմքի մկանների ծայրագույն դժգոհություն արտահայտող փոխդասավորությամբ, որի նշանագրային տարբերակը համացանցում դեռ ստեղծված չէ, քանի որ այն արտահայտելուն միտված՝ ստեղնաշարի նշանների ցանկացած համակցություն հանգեցնում է ծրագրային սխալի, արտաբերեց. «Յոլա, էլի, ո՞նց պիտի լինեմ էս երկրում…»։

«Դու՞ ոնց ես», պահպանելով մկանունքի կոնֆիգուրացիան, հետաքրքրվեց նա, ու, լսելով անքաղաքավարի «լավ» պատասխանս, անմիջապես նստեց շքեղ սպիտակ «Մերսեդեսը» ու սլացավ հայրենյաց հոգսախեղդ կածաններով։

Ես՝ անկիրթս, շարունակեցի ճանապարհս դեպի շուկա, որտեղ ականատես եղա քաղաքավարությամբ գրեթե բարձրաշխարհիկ երկխոսության բանջարավաճառ կնոջ և շուկայի տարածքում մշտական բնակություն հաստատած անօթևանի միջև։

«Ո՞նց ես», հարցրեց մեկը մյուսին, վարժ համապատասխանեցնելով մկանունքը ակնկալվող կանխատեսելի պատասխանին. «Յոլա…», որից հետո մեկը սկսեց դասավորել լոլիկն ու վարունգը վաճառասեղանի մակերևույթին, իսկ մյուսը՝ ծալել ու պահեստավորել ստվարաթղթե մահիճը։

Երեքը տարբեր էին, և երեքը՝ նույնը…

Մշակույթ, որում ուրախանալը կյանքով անդաստիարակությու՞ն է…

Նախորդ հոդվածը‘Դենիս Թումասյանը ճանաչվել է Ռուսաստանի 1-ին լիգայի լավագույն պաշտպան’
Հաջորդ հոդվածը‘Իրան՝ արդյո՞ք պատմությունը կրկնվում է’