‘
«Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասվում է. «Վերջին օրերին պարբերաբար տեղեկություններ են ստացվում, որ ոմն Սերգեյ Հունանյան, հանրապետության տարբեր մարզերում, իսկ վերջին օրերին` հատկապես Արագածոտնի մարզում ներկայանում է որպես «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ կամ Կարապետյանների ընտանիքի բարեկամ: Սույն ինքնակոչ մուրացիկը, հանդիպելով գյուղապետերի հետ` հիմնադրամի անունից խոստանում է իրականացնել տարբեր բարեգործություններ և դրանց կյանքի կոչման համար… գումար պահանջում:
Առավել տարօրինակ է, որ նման անհեթեթությանը եղել են նաև հավատացողներ: Հաշվի առնելով, որ այդպիսով ոչ միայն իրականացվում է պարզ դրամաշորթություն, այլև փորձ է արվում խաղալ «Տաշիր» հիմնադրամի և Կարապետյանների հեղինակության հետ, հարկ ենք համարում հայտարարել.
1.Հիմնադրամի ծրագրերի մասին պատշաճ կարգով իրազեկվում է հիմնադրամի լրատվական ծառայության կամ Կարեն Կարապետյանի գրասենյակի անունից, իսկ դրանք բնականաբար իրականացվում են բացառապես առանց որևէ այլ կողմի մեկ լումա անգամ ներդրման:
2.Հիմնադրամի կամ Կարապետյանների անունից լիազորված են հանդես գալ բացառապես ընտանիքի անդամները կամ Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանն ու հիմնադրամի տնօրեն Աշոտ Վարոսյանը:
Հիմնադրամը խնդրում է բոլորին՝ հունանյանատիպ «լեյտենանտ Շմիդտի զավակների» ի հայտ գալու դեպքում անմիջապես իրազեկել մեզ:
Սույն հայտարարությամբ հրավիրում է նաև իրավապահ մարմինների ուշադրությունը:
‘