‘
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել է այն քաղաքական գործիչների և գործարարների ցուցակը, ովքեր կապեր ունեն Վլադիմիր Պուտինի հետ՝ «կրեմլյան զեկույցը»՝ պատժամիջոցների վերաբերյալ օրենքի շրջանակներում, որը Դոնալդ Թրամփը ստորագրել է անցյալ տարվա օգոստոսին:
Ցուցակում 210 անուն կա՝ 114 բարձրաստիճան պաշտոնյաներ և պետական ընկերությունների ղեկավարներ, նաև 96 օլիգարխներ, այդ թվում նաեւ հայազգի գործարարներ Սամվել Կարապետյանը, Դանիլ Խաչատուրովն ու Սերգեյ Գալիցկին (Հարությունյան):
«Կրեմլյան զեկույցի» մեջ մտած գործարարներից են՝ միլիարդատերեր Ալիշեր Ուսմանովը, Ռոման Աբրամովիչը, Օլեգ Դերիպասկան, Սուլեյման Քերիմովը և Յուրի Միլլերը, որոնք Ղրիմի անեքսիայից և 2014 թ. Ուկրաինայի արևելքում զինված հակամարտության մեկնարկից հետո Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի և Եվրոպայի սահմանած պատժամիջոցների տակ չէին մինչ այժմ:
Ցուցակում է նաև «Կասպերսկու լաբորատորիայի» հիմնադիր Եվգենի Կասպերսկին, բանկիրներ Գերման Գրեֆը, Անդրեյ Կոստինը, Պյոտր Ավենը և Օլեգ Տինկովը, ինչպես նաև «Նորիլսկյան նիկելի» համասեփականատեր Վլադիմիր Պոտանինը:
«Կրեմլյան ցուցակում» են Ռուսաստանի նախագահի գրեթե ամբողջ վարչակազմը և կառավարությունը, այդ թվում՝ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը, Պուտինի օգնական Վլադիսլավ Սուրկովը և այլք:
Ցուցակն ինքնին պատժամիջոցային չէ, առայժմ ոչ մի սահմանափակում չի մտցվում, և նրանց հետ համագործակցության համար էլ ոչինչ նախատեսված չէ, եթե արդեն իսկ նրանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանված չեն:
Փոխանցում է BBC-ն:
‘