‘Սամվել Կճոյանը գոնե երկու անգամ Աշոտ Սուքիասյանի հետ եղել է Կիպրոսում. Մամուլ’

3160

«Հո ապուշ չէինք՝ նման կեղծիք հրապարակել, ո՞նց կարող է պետական ռեգիստրի տվյալները կեղծես ու կեղծ փաստեր հրապարակես». «Չորրորդ ինքնիշխանության» փոխանցմամբ՝ երեկ «Սիվիլնեթի» վիդեոտաղավարում հայտարարել է «Հետք» էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը։

 «Հայկական օֆշորի պատմությունը նախադեպային է, որովհետև ինչքան էլ ուսումնասիրեք համացանցում, դեռ դեպք չի եղել, որ բաժնետերերից որևէ մեկն ասի, թե իբր տեղյակ չէ։ Աշխարհում այդպիսի նախադեպ չկա։ Բազմաթիվ, հազարավոր հոդվածներ կարող եք գտնել, և չի եղել որևէ մեկը, որ ասի, թե ես տեղյակ չեմ եղել։ Հայկականը նաև դրանով է առանձնահատուկ, որ բաժնետերերից երկուսը ասել են, թե իրենք տեղյակ չեն»,- հայտարարել է Բաղդասարյանը։

 Ըստ նրա՝ Սամվել Կճոյանին (վերջինս Արարատյան հայրապետական թեմի առաջնորդն է, խոսքը արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանի մասին է) իրենք չհավատալու հիմքեր չունեն։ Բաղդասարյանի ղիտարկմամբ՝ մի քանի տարի առաջ, երբ Սամվել Կճոյանի անունը կապվում էր նաև զենք ունենալու հետ, իրենք կառավարությունից պահանջել են ցանկը, թե ովքեր են պարգևատրվել զենքով։ Այդ ցանկում նշված է եղել Սամվել Կճոյան անուն-ազգանունը։ Համապատասխան կառույցից ճշտել են, որ գոյություն ունի մեկ Սամվել Կճոյան, դա նույն Նավասարդ Կճոյանն է։ Ապա իրենք զանգահարել են առաջնորդարան և հարցրել են՝ Կճոյանը զենք ունի՞, թե՞ ոչ։ Առաջնորդարանից պատասխանել են՝ չունի։ Այնուհետև «Հետքի» լրագրողը պարզաբանել է, թե իրենք կառավարության կողմից ներկայացված փաստաթուղթ ունեն, որտեղ նշված է Կճոյանի՝ գենքով պարգևատրվելու փաստը։ Առաջնորդարանից խնդրել են իրենց տրամադրել այդ փաստաթուղթը, որից հետո իրենք փոխել են պատասխանն ու ասել, որ Կճոյանն, այո, զենք ունի։

«Այսինքն՝ բոլոր հիմքերը կան Կճոյանին չհավատալու», պատմությունը ներկայացնելուց հետո եզրակացրել է Բաղդասարյանը՝ հավելելով բավականին ուշագրավ փաստեր՝ կապված այս վերջին օֆշորային պատմության հետ։ «Սամվել Կճոյանը գոնե երկու անգամ Աշոտ Սուքիասյանի հետ եղել է Կիպրոսում. դա արդեն 100 տոկոսով ապացուցված է։ Իրենց ճանապարհողների հետ ենք ճշտել», հայտարարել է Բաղդասարյանը»,– գրում է թերթը։

Նախորդ հոդվածը‘Տուրբոն էլի մարդ է ծեծել. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Ջերմաստիճանը կբարձրանա’