‘Սամվել Ֆարմանյանը խոստացավ քննարկել Գագիկ Ջհանգիրյանի առաջարկը’

693

«Ընդունելով առաջարկությունները՝ մենք հանել ենք մեր կանոնակարգ օրենքի 47-րդ հոդվածի 4.2 կետի 2-րդ ենթակետի պահանջը, որը մեզ պարտադրում էր, որ այդ որոշման մեջ այդ ժամկետը պետք է լինի, ու ես հիմա զարմանում եմ, որ կառավարությունը սա չէր նկատել»: Այսօր Ազգային ժողովում «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» օրենքի քննարկման ժամանակ հայտարարեց «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը՝ դիմելով օրենքի համահեղինակ Սամվել Ֆարմանյանին: Մյուս հեղինակները Մանվել Գրիգորյանն ու Սեդրակ Սարոյանն են:

«Հատկապես իմ առաջարկությունը, պարոն Ֆարմանյան: Ինչո՞ւ եք գրել «անցումային դրույթներ»: Եթե մենք գրում ենք «անցումային դրույթներ» և տալիս ենք երեք ամիս ժամկետ, սա նշանակում է՝ հիմա ինչ-որ կարգ է գործում, էս երեք ամսում պիտի գործի այդ կարգը, հետո երբ կառավարությունը սահմանեց, կգործի մյուս կարգը: Սրանով մենք նսեմացնում ենք էս օրենքի ընդունման նշանակությունը և արժեքը, զարմանում եմ, որ դուք էլ, որպես համահեղինակ, համաձայնվել եք, որովհետև սա նոր կարգավիճակ է, և որևէ կարգ չի գործում»,- հայտարարեց Ջհանգիրյանը:

Ի պատասխան՝ Սամվել Ֆարմանյանն ասաց, որ իրավաբանների հետ կքննարկեն Ջհանգիրյանի բարձրացրած հարցը: 

Նախորդ հոդվածը‘Թուրքական ֆլեշմոբ’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյան. բարի գալուստ «Լիվերպուլ». Տեսանյութ’