‘Սամվել Ֆարմանյանը Սպորտի նախարարից պահանջում է բերել փաստարկներ, թե ինչպես է կազմվել մարզիկների լավագույն տասնյակը’

755

ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով աղմուկ հանած՝ 2012 թ. Հայաստանի մարզիկների լավագույն տասնյակին.

«Ինչպես պարզվեց, մամուլում հրապարակված՝ 2012 թ. Հայաստանի մարզիկների լավագույն տասնյակը բնավ չար կատակ չէր. այն իսկապես էլ տարածվել էր ինքնահռչակ «Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիա» հասարակական կազմակերպության կողմից, ու ժամեր անց տեղի է ունենալու մարզիկների պարգևատրման արարողությունը: 
Հավանական թյուրընկալումներից խուսափելու համար մեկ անգամ ևս ցանկանում եմ շնորհավորել մեր բոլոր մարզիկներին, ովքեր տեղ են գտել լավագույն տասնյակում, արժանին մատուցել ու գլուխ խոնարհել հատկապես Արսեն Ջուլֆալակյանին, Արթուր Ալեքսանյանին ու Հռիփսիմե Խուրշուդյանին, ովքեր Լոնդոնի օլիմպիական խաղերում բարձր պահեցին մեր դրոշի պատիվը, ու մեծ հաշվով, մեզ ապահովագրեցին կատարյալ ձախողումից: 
Այդուհանդերձ, մի քանի նկատառում և մեկ եզրակացություն, որն արտահայտում է ինչպես իմ և իմ որոշ գործընկերների, այնպես էլ, իմ տպավորությամբ, հայրենական սպորտի տասնյակ հազարավոր երկրպագուների կարծիքը: 
1. Հայաստանի 2012 թ. լավագույն մարզիկների տասնյակի ընտրությունը օրինական չէ, քանի որ այն անցկացվել է անհասկանալի կազմակերպության կողմից, ոչ թափանցիկ պայմաններում, անհասկանալի ու հակասական չափանիշների հաշվառմամբ: Ընտրության ոչ օրինականության մասին է խոսում նաև այն հանգամանքը, որ մարզական լրագրողների անունից հրապարակվում է մի ցուցակ, որի կազմմանը, պարզվում է, չեն մասնակցել հայ հասարակությանը հայտնի սպորտային մեկնաբանները: Այս առումով, ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարը, որպես առաջին քայլ, պարտավոր է հրապարակել մարզական այն մեկնաբանների ու լրատվամիջոցների ցանկը, ովքեր մասնակցել են «ընտրությանը», ինչպես նաև՝ այն չափանիշները, որոնց հիման վրա կատարվել է «ընտրությունը»: 
2. Անընդունելի է Հանրապետության սպորտային ղեկավարության դիրքորոշումն այն մասին, որ լավագույն տասնյակը կազմվում է «անկախ ու ինքնուրույն գործող» հասարակական կազմակերպության կողմից, և իրենք իրավասու չեն միջամտելու «ընտրություններին»: Այս անգրագետ տեսակետին մեկընդմիշտ վերջ դնելու համար ցանկանում եմ հիշեցնել, որ, ավանդույթի ուժով՝ Հանրապետության սպորտային իշխանությունները տարեվերջին մասնակցում են հենց այս հասարակական կազմակերպության, այլ ոչ թե news.am-ի կողմից հռչակված լավագույն տասնյակի պարգևատրման արարողությանը՝ դրանով իսկ ճանաչելով ու լեգիտիմացնելով այն: 
3. Ինչպես հայտնի է, Հանրապետության սպորտային իշխանությունները հասարակական զայրույթ առաջացնող նման «ընտրությունը» բացատրում են իր դարն ապրած այն միամիտ փաստարկմամբ, թե լավագույն տասնյակի ընտրությունը կատարվում է՝ հիմքում ունենալով զուտ մարզական արդյունքը, այսինքն՝ շահած մեդալները և նրանց հարկը Օլիմպիական խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում: Նույնիսկ «Մարզական լրագրողների ֆեդերացիայի» անդամներին ու «իրական ընտրիչներին» է հայտնի, որ այդ չափանիշով լավագույն տասնյակի առաջին հինգ հորիզոնականները պետք է զբաղեցնեին Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը և Տիգրան Պետրոսյանը, ովքեր այս տարի հռչակվեցին Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն՝ նվաճելով օլիմպիական ոսկի, ընդ որում, Ստամբուլում՝ Թուրքիայում: Ու հանկարծ պարզվում է, որ օլիմպիական ոսկին ավելի ցածր է օլիմպիական ոչ միայն արծաթից, այլև բրոնզից: Հրապարակված լավագույն տասնյակի անօրինականությունը փաստարկող տասնյակ այլ ապացույցներ կարելի է բերել: 
4. Անհնար է պատկերացնել մարզական լավագույն տասնյակ, որն իր հիմքում, որպես ընտրության առանցքային չափանիշներից մեկը, չունի հանրային տրամադրությունները: Միայն այն հանգամանքը, որ լավագույն տասնյակում տեղ չի գտել և ոչ մի ֆուտբոլիստ, այն դեպքում, երբ ողջ ֆուտբոլային աշխարհն այսօր խոսում է մեր ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին, իսկ վերջինս news.am-ի անցկացրած համանման հարցումների համաձայն՝ ստացել էր քվեարկության 42935 մասնակիցների 52%-ի ձայնը, որպես տարվա լավագույն մարզիկ, նշանակում է, որ մարզական լրագրողների ֆեդերացիա կոչվածը ու երկրի սպորտային ղեկավարությունը շարունակում են գործել նույն սխալները՝ սպորտը ծառայեցնելով այլ նպատակների և վարկաբեկելով այն: Նույնքան անընդունելի ու միամիտ է արդարացումը, թե նույնիսկ 1973 թ., երբ Արարատը հռչակվեց ԽՍՀՄ առաջնության հաղթող, այդ տարվա մարզական լավագույն տասնյակում և ոչ մի ֆուտբոլիստ չի եղել: Ժամանակին թույլ տրված սխալները չեն կարող հիմնավորում լինել այդ սխալներն անվերջ կրկնելու համար: 
5. Եթե ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը պատրաստ է բերելու այլ փաստարկներ և հիմնավորումներ, թե ինչպես է մարզիկների լավագույն տասնյակն այս տարի ևս կազմվել «ոսկյա ճշգրտությամբ», պատրաստ եմ հեռուստատեսային ուղիղ եթերում բանավիճել իր հետ ու հայրենական սպորտի ղեկավարությանն ապացուցել, որ իրենք անթույլատրելի սխալ են գործում՝ սպորտը վերածելով ոչ թե հասարակությանը միավորող, այլ, ճիշտ հակառակը՝ նոր բաժանարար գծեր առաջացնող մի ոլորտի, ինչն առավել քան անթույլատրելի է: 
6. Եթե ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը հրաժարվի բանավեճի իմ առաջարկից, կամ հրապարակային այլ եղանակով ընկալելի փաստարկներ չբերի ու չհայտարարի, որ նման եղանակով ու չափանիշներով այլևս մարզական լավագույն տասնյակ չի կազմվի, ապա դա ինքնին կդառնա լիուլի հիմնավորում առ այն, որ լինելով ոլորտի N1 պատասխանատու՝ նա անկարող է ազդեցություն ունենալ իր իսկ ղեկավարած ոլորտում իրադարձությունների ընթացքի վրա, ուստիև, առավել քան բնական կլինի, որպես ստեղծված իրավիճակից միանգամայն արժանապատիվ ելք, ակնկալել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի հրաժարականը»:

Նախորդ հոդվածը‘2013 թ. ամենասպասվող իրադարձությունները ըստ Риа-Новости-ի’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Զուրաբյան. Լևոն Տեր-Պետրոսյանը մնում է քաղաքականության մեջ’