‘Սաշիկի մեղավորն է՞լ են Թուրքիան ու Ադրբեջանը, պարոն ՄԻՊ’

3387

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը այսօր, կարելի է ասել, սենսացիոն հայտարարություն է արել: Նա հայտարարել է, թե «Թուրքիան և Ադրբեջանը ոչ միայն խախտում են իրենց երկրներում մարդկանց իրավունքները, օրինակ` Ադրբեջանում այլախոհներին բանտերում պահելով, խոսքի ազատությունը ոտնահարելով և այլն, այլև Թուրքիան և Ադրբեջանը տնտեսական շրջափակման ճանապարհով այսօր էական բացասական ազդեցություն են ունենում բոլորիս իրավունքների պաշտպանության վրա»:

Ապա Անդրեասյանը հավելել է. «Թեև տարիների ընթացքում այս մասին մոռանում կամ հաճախ չենք բարձրաձայնում, բայց Հայաստանի աղքատության, տնտեսական խնդիրների մեղավորը, բնականաբար, մեր երկու հարևան երկրներն են, ինչպես նաև աշխարհաքաղաքական որոշակի զարգացումները»:

Փաստորեն, Սերժ Սարգսյանի փեսայի կադրը գերազանցել է ոչ միայն ինքն իրեն, այլեւ՝ երեւի նույնիսկ Գեղամյանին ու Բաբուխանյանին է տվել անցել:

Տեսեք. այն, որ Թուրքիան՝ տնտեսական շրջափակման մեջ պահելով Հայաստանին՝ փաստացի եւ ըստ էության «պատերազմի» մեջ է գտնվում մեզ հետ` փաստ է, քանի որ տնտեսական շրջափակումը եւս համարվում է թշնամական գործողություն: Այն, որ Թուրքիայի հետ փակ սահմանը զգալիորեն վնասում է մեր տնտեսությանը, զգալիորեն թուլացնում է այն, զգալիորեն սահմանափակում է հնարավորությունները եւ ստեղծում օբյեկտիվ դժվարություններ` փաստ է: Այն, որ Ադրբեջանի հետ չավարտված պատերազմը եւս զգալիորեն ազդում է տնտեսական վիճակի վրա` եւս փաստ է, քանի որ հայտնի է, որ պատերազմի մեջ գտնվող երկիրը սովորաբար ավելի շատ գումար է ծախսում ռազմական նպատակներով, ասել է թե՝ այդ գումարը կամ դրանց մի մասը խաղաղ պայմաններում կարող էին ուղղվել այլ ոլորտների:

Բայց: Առկա օբեկտիվ իրողությունները չժխտելով հանդերձ՝ չի կարելի հանցանք գործել ընդդեմ տրամաբանության եւ Հայաստանի բոլոր խնդիրները բարդել հարեւանների, թեկուզեւ` թշնամական տրամադրված հարեւանների վրա: Այդպիսի բան հայտարարող մարդը կամ ընդհանրապես պատկերացում չունի տնտեսության ու քաղաքականության մասին, կամ՝ կատարում է իշխանությունների պատվերը:

Հակառակ դեպքում Օմբուդսմենը թող պատասխանի մի քանի հարցերի:

1. Արդյո՞ք Ադրբեջանն ու Թուրքիան են մեղավոր Սաշիկ Սարգսյանի գործողությունների համար:

2. Արդյո՞ք Ադրբեջանն ու Թուրքիան են մեղավոր, որ Սերժ Սարգսյանը հայտարարում է, թե մի փոքր երկրում հենց մի հոգի պիտի շաքար ներկրի: Ասել է թե՝ արդյո՞ք Ադրբեջանն ու Թուրքիան են մեղավոր, որ Հայաստանի տնտեսությունը մոնոպոլիզացված է:

3. Արդյո՞ք Ադրբեջանն ու Թուրքիան են մեղավոր, որ Հայաստանում կեղծվում են ընտրությունները, եւ իշխանությունն ընտրություններից հետո նկարում է իրեն ձեռնտու թվեր: Տես՝ Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ ինչքան կուզենք, էնքան կխփենք:

4. Արդյո՞ք Ադրբեջանն ու Թուրքիան են մեղավոր, որ ցուցարարների դեմ իշխանությունները մահաբեր ուժ են կիրառում, իրականացնում են բռնություններ ու հետապնդումներ, իսկ դրանց մեղավորները չեն պատժվում:

5. Արդյո՞ք Ադրբեջանն ու Թուրքիան են մեղավոր իշխանավորների օֆշորային սկանդալների, բենթլիների ու ճոխ զավտրիկների համար:

6. Արդյո՞ք Ադրբեջանն ու Թուրքիան են մեղավոր, որ Հայաստանում կա կոռուպցիա, ներդրումները տարեցտարի պակասում են, մարդկանց գնողունակությունը անընդհատ ընկնում է, փոքր ու միջին բիզնեսը ուղղակի խեղդամահ է արվում, անընդհատ ընդունվում են տնտեսությունն ու քաղաքացիներին բառացիորեն թալանող նորանոր օրենքներ, կոռուպցիան ծլում ու ծաղկում է, արտագաղթն ու գործազրկությունը ուղղակի խայտառակ չափերի են հասել, արտաքին քաղաքականությունը հայտնվել է ողբալի վիճակում, Հայաստանը մի երեք տարի իբր գնում է դեպի Եվրամիություն, հետո մի գիշերվա մեջ Սերժ Սարգսյանը որոշում է, որ Հայաստանը պետք է մտնի Մաքսային միություն: Նորից տես` Սերժ Սարգսյանի հայտարարությունը:

Ցանկը կարելի է շարունակել ու շարունակել: Բայց շատ չծավալվելու համար ուղղակի եւս երկու հարց հղենք պարոն Անդրեասյանին:

7. Արդյո՞ք Ադրբեջանն ու Թուրքիան են մեղավոր, որ Հայաստանի նախագահի պաշտոնին է հայտնվել Սերժ Սարգսյանը:

8. Եւ վերջապես, արդյո՞ք Ադրբեջանն ու Թուրքիան են մեղավոր, որ Հայաստանն այսօր մի Օմբուդսմեն ունի, որն իշխանության քաղաքական սխալներն ու հանցանքները պարտակելու համար այսպիսի հայտարարություններ է անում:

Պարգեւ Ապրեսյան 

Նախորդ հոդվածը‘Հանրահավաք-երթ՝ նվիրված մարդու իրավունքների պաշտպանությանը (Տեսանյութ, ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիայի նախագահը ծաղրի առարկա է դարձել ղազախստանյան լուսանկարի պատճառով’