‘
Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել են, որ մտադիր են պատժի բարձրագույն չափը՝ հրապարակավ թրով գլախատումը, փոխարինել գնդակահարությամբ, հաղորդում է The New York Times-ը: Մի քանի նախարարությունների ներկայացուցիչներից կազմված հատուկ հանձնաժողովը հանգել է այն եզրակացության, որ երկիրն ստիպված է այդ քայլին գնալ՝ որակավորված դահիճների խիստ պակասի պատճառով: Կառավարությունում նշել են, որ ներկայումս գործող դահիճները խրված են աշխատանքի մեջ և հաճախ չեն հասցնում գլուխ հանել դրանից: Նրանք ստիպված են մշտապես գործուղումների մեկնել այլ շրջաններ, ինչի հետևանքով հաճախ ուշացումներ և տարբեր կազուսներ են լինում, և դրանք «տարբեր անառողջ լուրեր են ծնում»: Ուստի հանձնաժողովը երկրի իշխանություններին կոչ է արել հրաժարվել պատիժն իրականացնելու ավանդական միջոցից՝ հօգուտ ավելի ժամանակակից միջոցի:
Սաուդյան Արաբիայում սահմանադրության դերը Ղուրանն է կատարում, իսկ քրեական և քրեկատարողական օրենսգրքերին փոխարինում է շարիաթի օրենքների հավաքածուն: Այդ օրենքների համաձայն՝ սոցիալապես առավել վտանգավոր հանցագործությունները պատժվում են հրապարակային գլխատմամբ: Սակայն դահճի մասնագիտության նկատմամբ հետաքրքրության նվազման և դրա արդյունքում՝ պատրաստված կադրերի պակասի հետևանքով օրենքի այդ նորմի կատարումն ավելի ու ավելի բարդանում է: Սովորաբար՝ Սաուդյան Արաբիայում մահապատժի է ենթարկվում տարեկան 50-ից 100 մարդ, հաղորդում է lenta.ru-ն:
‘