‘
Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն Կանադայի դեսպանին անցանկալի անձ է հայտարարել, ասվում է թագավորության արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ, որը տեղադրվել է Twitter-ում:
ԱԳՆ-ն կանադացի դիվանագետից պահանջել է երկիրը լքել 24 ժամվա ընթացքում, ինչպես նաև Կանադայից ետ է կանչել Սաուդյան Արաբիայի դեսպանին: Բացի այդ՝ Էր-Ռիադը հայտարարել է երկու երկրների միջև նոր առևտրային և ներդրումային պայմանագրերի սառեցման մասին:
Այս որոշումը կայացվել է, երբ Կանադայի ԱԳՆ-ն պահանջել է անհապաղ ազատ արձակել Սաուդյան Արաբիայում ձերբակալված իրավապաշտպան Սամար Բադավիին ու մյուսներին:
Սաուդյան Արաբիան 2017 թ. սեպտեմբերին որոշում է կայացրել վերացնել կանանց կողմից ավտոմեքենա վարելու արգելքը, սակայն այն ուժի մեջ է մտել միայն 2018 թ. հունիսի 24-ին: Մի քանի ակտիվիստուհիներ ձերբակալվել են այս տարվա մայիսին և հունիսին՝ նոր կանոնների ուժի մեջ մտնելուց անմիջապես առաջ:
Կանադայի հայտարարությունները սաուդյան մայրաքաղաքում գնահատվեցին որպես միջամտություն երկրի ներքին գործերին: Ամենից շատ Սաուդյան Արաբիան վրդովվել էր «անհապաղ ազատ արձակել» բառերից:
Փոխանցել է Interfax-ը:
‘