‘
Սաուդյան Արաբիայի բանակի ներկայացուցիչները հայտարարել են, որ երկու ժամով դադարեցնում են Եմենում ապստամբ-հուսիների դիրքերի ռմբակոծությունը, որպեսզի հնարավորություն տան այդ շրջանից տարհանել Պակիստանի քաղաքացիներին:
Իրենց հերթին՝ Հնդկաստանի իշխանությունները հայտարարել են, որ Եմեն են ուղարկել երկու նավ՝ իրենց քաղաքացիներին տարհանելու նպատակով:
Ադենի նավահանգստում է գտնվում նաև չինական մի նավ՝ այդ երկրից դուրս բերելու իր դիվանագետներին և դեսպանատան աշխատակազմին:
Պակիստանը Եմենից տարհանել է իր առնվազն 500 քաղաքացիների:
Նախօրեին Եմենի հակամարտությունը դարձել է Եգիպտոսում Արաբական երկրների լիգայի գագաթնաժողովի քննարկման հիմնական թեման: Երկրների առաջնորդները հայտարարել են արագ արձագանքման միացյալ զինված ուժեր ստեղծելու մասին՝ դիմակայելու համար անվտանգությանը սպառնացող վտանգները, որոնք բխում են Եմենում, Լիբիայում շարունակվող հակամարտություններից: Փոխանցում է BBC-ն:
‘