‘
Սաուդյան Արաբիան հրաժարվել է ոչ մշտական անդամի իրավունքներով մասնակցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքներին, քանի որ թագավորության ներկայացուցիչների կարծիքով՝ այդ կազմակերպությունն ընդունակ չէ լուծելու հակամարտությունները:
Այսօր տարածված հայտարարության մեջ Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն պարզաբանում է, որ Էր-Ռիադի կարծիքով՝ ՄԱԿ-ի ԱԽ-ն չի կատարել իր պարտականությունները սիրիական ճգնաժամի դեպքում, ինչի հետևանքով նախագահ Բաշար Ասադը մնացել է իշխանության և արժանի պատիժ չի ստացել գործած հանցանքների համար: Բացի այդ՝ կազմակերպությունը հաջողության չի հասել նաև պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման հարցում: Վերջապես, ՄԱԿ-ի ԱԽ-ն բավարար ջանքեր չի գործադրում, որպեսզի Մերձավոր Արևելքը դառնա զանգվածային ոչնչացման զենքից զերծ գոտի, բացատրել է իր դիրքորոշումը Սաուդայն Արաբիան: Էլ-Ռիադը նաև դժգոհություն է հայտնել այն բանի կապակցությամբ, որ «որոշ երկրներ մենաշնորհ ունեն» ՄԱԿ-ի որոշումներ կայացնելիս, փոխանցում է Interfax.ru-ն:
Նախօրեին ՄԱԿ-ի ԱԽ կազմում, 2014-2015 թթ. համար, հինգ նոր ոչ մշտական անդամներ են ընդգրկվել: Սակայն իրավապաշտպաններն անհանգստություն են արտահայտել այն բանի կապակցությամբ, որ այդ երկրներում մեծապես խախտվում են մարդու իրավունքները, այդ թվում՝ նաև Սաուդյան Արաբիայում:
Ընդհանուր առմամբ՝ ՄԱԿ-ի ԱԽ-ում ընդգրկված է 15 պետություն, որոնցից միայն 5-ն են մշտական անդամ (ԱՄՆ, Ռուսաստան« Չինաստան, Մեծ Բրիտանիա Ֆրանսիա), մյուս տասն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ, հինգ տարի ժամկետով: Ոչ մշտական անդամներն իրավունք ունեն մասնակցելու քվեարկությանը, սակայն չեն կարող օգտվել վետո դնելու իրավունքից՝ ինչի իրավունքն ունեն մշտական անդամները:
‘