‘
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին անվանել է «Մերձավոր Արեւելքի նոր Հիտլեր»:
«Եվրոպայի օրինակով մենք իմացանք, որ հաշտեցման քաղաքականությունը չի աշխատում: Մենք չենք ցանկանում, որ Իրանի նոր Հիտլերը Մերձավոր Արեւելքում անի այն ամենը, ինչ տեղի ունեցավ Եվրոպայում»,- հայտարարել է գահաժառանգը՝ New York Times-ին տված հարցազրույցում:
Նոյեմբերի 7-ին Ալ Սաուդը Թեհրանին մեղադրել է «ռազմական ուղիղ ագրեսիայի» մեջ՝ Եմենի ապստամբներին հրթիռներ մատակարարելու համար: Դրանից երեք օր առաջ շիիթական ապստամբները Եմենի տարածքից բալիստիկ հրթիռ էին արձակել Էր-Ռիյադի օդանավակայանի ուղղությամբ:
Սաուդյան Արաբիան պնդում էր, որ ապստամբներին հրթիռներ մատակարարել է Իրանը: Իրանը հերքում էր հարձակման հետ ունեցած կապը: Իսկ ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջաֆադ Զարիֆն էլ հայտարարել էր, թե Սաուդյան Արաբիայի ագրեսիվ գործողություններն ու տարածաշրջանային սադրանքները սպառնալիք են Մերձավոր Արեւելքի համար:
Հաղորդում է lenta.ru-ն:
‘