Սաուդցի նախկին բարձրաստիճան հետախույզը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ իբն Սալմանը մտադիր է եղել սպանելու հիմա արդեն հանգուցյալ Աբդուլլա արքային թունավորված մատանու միջոցով, որն ստացվելու էր Ռուսաստանից։
CBS ալիքին տված հարցազրույցում Սաադ ալ-Ջաբրին, որն առանցքային դիրք է զբաղեցրել սաուդյան հետախուզությունում, հայտարարել է, որ Մուհամեդ իբն Սալմանը 2014 թ․ իր զարմիկի հետ զրուցելիս ակնարկել է, թե կուզենար ազատվել Աբդուլլա թագավորից, որպեսզի գահն ազատեր իր հոր համար։ Այդ շրջանում իշխող տոհմի անդամների շրջանում գահաժառանգության շուրջ վեճեր էին ընթանում։
Ջաբրին հարցազրույց է տվել ամերիկյան CBS հեռուստաընկերության «60 րոպե» ծրագրին, որի ընթացքում հայտարարել է, որ թագաժառանգ Մուհամեդ իբն Սալման իբն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդը՝ Սալման թագավորի որդին և Սաուդայն Արաբիայի փաստացի կառավարիչը, «խելագար է, մարդասպան, որ անսահմանափակ պաշարների է տիրապետում Մերձավոր Արևելքում, նա վտանգ է ներկայացնում սեփական ժողովրդի, ամերիկացիների և ողջ մոլորակի համար»։
Նախկին հետախուզը նաև ասել է, որ 2014 թ․, իր խորթ եղբոր՝ Մուհամեդ իբն Նաիֆի հետ հանդիպմանը, որն այն ժամանակ զբաղեցնում էր ներքին գործերի նախարարի պաշտոնը, իբն Սալմանն ակնարկել է, որ կարող է կազմակերպել Աբդուլլա արքայի սպանությունը։
«Նա նրան ասել էր․ ես ուզում եմ հեռացնել Աբդուլլա արքային։ Ինձ Ռուսաստանից թունավոր մատանի կբերեն, հերիք է սեղմել նրա ձեռքը, և ամեն ինչ կավարտվի,- պատմել է Ջաբրին։- Գուցե նա պարզապես գլուխ էր գովում, բայց նա ասել է դա, և մենք դա միանգամայն լուրջ ենք ընդունել»։
Ջամբրիի խոսքով՝ պալատում այդ գործը կոծկեցին, սակայն հանդիպման ընթացքում գաղտնի տեսագրություն էր կատարվում, և ինքը գիտի, թե որտեղ են պահվում տեսագրության երկու պատճենները։
Աբդուլլա արքան մահացավ 2015 թ․ 90 տարեկանում, և գահն անցավ նրա խորթ եղբորը՝ Սալմանին՝ Մուհամեդ իբն Սալմանի հորը, որը թագաժառանգ նշանակեց Մուհամեդ իբն Նաիֆին։ Սակայն 2017 թ․ թագաժառանգ դարձավ իբն Սալմանը, իսկ իբն Նաիֆը զրկվեց ներքին գործերի նախարարի պաշտոնից և, որոշ տվյալներով՝ տնային կալանքի ենթարկվեց մեղադրանքներով, որոնց էությունը չի բացահայտվում։
Իբն Նաիֆի պաշտոնանկությունից հետո էլ հենց Ջաբրին փախել է Կանադա։
Փոխանցում է BBC-ն։
