‘Սաուդցի հաղորդավարուհին եթեր է դուրս եկել գլխաբաց’

923

Al Ekhbariya հեռուստատեսության հաղորդավարուհին եթեր է դուրս եկել չծածկված գլխով՝ այդպիսով մեծ սկանդալ առաջացնելով Սաուդյան Արաբիայում, գրում է GulfNews-ը:

Թագավորությունում դա առաջին դեպքն է, երբ նորությունների հաղորդավարուհին նման  համարձակություն է դրսևորում: Թողարկումից հետո զայրացած հեռուստադիտողները բողոքներով ողողել են հեռուստատեսությունը: Սոցցանցերում շատ օգտատերեր նույնպես քննադատել են հաղորդավարուհուն՝ համարելով, որ նա «խախտել է շարիաթի նորմերը»:

«Դա մեր թղթակիցն էր, որը լուրերը կարդում էր Մեծ Բրիտանիայում գտնվող տաղավարից»,- հայտարարել է սաուդյան ռադիոյի և հեռուստատեսության մամլո քարտուղարը՝ մեկնաբանելով միջադեպը:  «Մենք չենք հանդուրժի մեր արժեքների որևէ ոտնահարում»,- հավելել է նա:

Սաուդյան Արաբիայում կանանց համար գոյություն ունի խիստ դրես-կոդ՝ հասարակության մեջ նրանք պետք է լինեն կազմվածքը թաքցնող հագուստով և գլուխը ծածկող հիջաբով: Թագավորությունում կանանց արգելված է մեքենա վարել, իսկ նրանց, ովքեր մեղավոր կճանաչվեն աստվածանարգության, հավատափոխության, կախարդության կամ ամուսնական անհավատարմության մեջ, կարող են մտրակահարվել, կախաղան բարձրացվել կամ գլխատվել: Հասարակության մեջ վարքի կանոնների պահպանմանը հետևում է բարքերի ոստիկանությունը:

Վերջին շրջանում սաուդյան հասարակությունում քննարկում են, թե արդյո՞ք կանանց արժե ավելի շատ իրավունքներ տալ: Սաուդայն Արաբիայի թագավոր Աբդալլա իբն Աբդել Ազիզի հրամանագրով՝ 30 կանայք պաշտոններ են զբաղեցրել նրա խորհրդակցական խորհրդում: Մի երկրի համար, որի պետական գաղափարախոսությունը վահաբիզմն է, դա չտեսնված բան է:

Իսկ սաուդյան արքայազն Ալ-Վալիդ իբն Թալալը, որ երկրում հայտնի միլիոնատեր գործարար է, զգալի մեղմացումներ է մտցրել իր գրասենյակների աշխատակցուհիների համար: Մասնավորապես՝ նա ոչ պարտադիր է դարձրել դրես-կոդի մի տարրը՝ նիկաբը, որը ծածկում է կնոջ դեմքը, փոխանցում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘ՌԴԿԿ-ն պահանջում է «Աջ սեկտորը» ճանաչել ահաբեկչական կազմակերպություն’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ը կոչ է արել դադարեցնել պատերազմը Ղարաբաղում’