‘ՍԱՊԾ-ն շուկայից դուրս չի բերում սփրեդով պատրաստված պաղպաղակները’

995

«Իրազեկ և պաշտպանված քաղաքացի» հասարակական կազմակերպությունը հաղորդագրություն է տարածել, որում անդրադառնում է այն փաստին, թե պաղպաղակ արտադրող մի շարք ընկերությունների պաղպաղակի մեջ օգտագործված է մեծ քանակությամբ բուսայուղ (սփրեդ): ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը iLur.am-ի հետ զրույցում ասաց, որ անցել է մի շաբաթ, բայց այդ պաղպաղակները շուկայում են, այն դեպքում, երբ Սննդի անվտանգության պետական ծառայությունը բոլոր իրավասություններն ունի այդ ապրանքը շուկայից դուրս բերելու համար:

«Հանրային վերահսկողությունը, որը պետք է իրականացնեն հասարակական կազմակերպությունն ու զանգվածային լրատվամիջոցը, հենց այն է, որ այդ հարցադրումները դրվեն նրանց առաջ: Իրենք շատ լավ տեղեկացված են, որ այդ ապրանքում սփրեդ է օգտագործված, ինչո՞ւ 10 օր գործ չեն արել: Պետք է ճնշում գործադրել, որպեսզի իրենք անեն այն, ինչ պետք է անեն, որովհետև իրենց հիմնական գործառույթն է ապահովել ապրանքների որակը և անվտանգությունը»,- նշեց Պիպոյանը՝ հավելելով, որ ՍԱՊԾ-ն պետք է անպայման պարզաբանում տա:

Ստորև ներկայացնում ենք հ/կ-ի՝ այսօր տարածած հայտարարությունը.

«Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի ս.թ-ի հունիսի 16-ի թողարկման թեմաներից մեկը վերաբերում էր պաղպաղակի շուկայում առկա խնդիրներին: Ռեպորտաժում լրագրողը ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեսուչների հետ համատեղ իրականացնում է նմուշառում և արդեն կոդավորված նմուշները հանձնում լաբորատոր փորձաքննության:

Նույն տեսանյութում կոդավորումն իրականացնելիս պարզ է դառնում, որ «Թամարա», «Էլիտ շանթ», «Աշտարակ կաթ», «Անի», «Բիոկաթ», «Ասա», «Գրանդ քենդի», «Չանախ» և «Արմսվիթ շանթ» ընկերություններից «Թամարա», «Էլիտ շանթ», «Աշտարակ կաթ», «Անի», «Բիոկաթ», «Ասա» և «Չանախ» ընկերությունների կողմից արտադրված նմուշառված ապրանքատեսակները չեն համապատասխանում մակնշման պահանջներին: Լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվում է, որ պաղպաղակներում (բացառությամբ «Բիոկաթ» ընկերության կողմից արտադրված պաղպաղակի) օգտագործված է մեծ քանակությամբ բուսայուղ (սփրեդ): 

Ս. թ. հունիսի 22-23-ին «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության կողմից իրացման ցանցում իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ սխալ մակնշած և ցածր որակի պաղպաղակները դուրս չեն բերվել շուկայից, այն դեպքում, երբ սխալ մակնշումը վերոնշյալ Ծառայության համար հիմք էր ցածր որակի պաղպաղակը շուկայից դուրս բերելու. դեռ ավելին՝ դիտարկման արդյունքում հնարավոր էր իրականացնել նաև նմուշառում՝ պարզելու՝ արդյոք այդ ապրանքն անվտանգ է, թե ոչ: Թերևս հարց, որի պատասխանը մինչ օրս չունենք, չնայած այն բանի, որ ոչ միայն կարող էինք, այլև պետք է ունենայինք:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը բոլոր զանգվածային լրատվամիջոցներին կոչ է անում ակտիվ համագործակցության՝ պարզելու՝ ինչու մինչ օրս սխալ մակնշած պաղպաղակները շուկայից դուրս չեն բերվել և չեն ենթարկվել լաբորատոր փորձաքննության:

Նախորդ հոդվածը‘Մեսին 10 միլիոն եվրո վճարեց Իսպանիայի հարկային ծառայությանը’
Հաջորդ հոդվածը‘ԵԽԽՎ. Նալբանդյանը չի կարողացել պատասխանել Զուրաբյանի բոլոր հարցերին ‘