‘
Ամանորյա երկարատև արձակուրդից հետո առաջարկում ենք որպես սթափեցնող ցնցուղ ընդունել նախորդ տարվա թանկացումների վերաբերյալ մի քանի պաշտոնական տվյալներ:
Այսպես, միայն պաշտոնական տվյալներով, 2014-ի դեկտեմբերին, 2013-ի դեկտեմբերի համեմատ՝ Հայաստանում սպառողական ապրանքները թանկացել են 4.6%-ով, այդ թվում՝ պարենային ապրանքները (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 6.3%-ով:
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ անցած տարվա ընթացքում միջին ամսական գնաճը կազմել է 0,4%, մինչդեռ միայն մեկ ամսվա ընթացքում՝ նոյեմբեր-դեկտեմբերին, գներն աճել են 3,0%-ով:
Ըստ ամենայնի՝ 2014-ի վերջին ամսվա գնաճի տեմպերի աճը պայմանավորված է արտարժութային շուկայում հայտնի անկայունությամբ: Այսպես, նոյեմբերի վերջի և դեկտեմբերի սկզբի աննախադեպ վայրիվերումներից հետո ԱՄՆ դոլարը ՀՀ դրամի նկատմամբ արձանագրել է 10,0% հավելաճ:
Թեև ՀՀ Կենտրոնական բանկը ողջ տարվա ընթացքում շարունակել է նախորդ կառավարության՝ դրամի փոխարժեքն ամեն գնով պահելու քաղաքականությունը, մասնավորապես՝ այդ նպատակով ծախսել է ՀՀ միջազգային պահուստների շուրջ ¼-ը՝ (ավելի քան $500 մլն), այնուամենայնիվ, 2013-ի համեմատությամբ՝ 2014-ի դեկտեմբերին դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվել է 14,1%-ով (2013-ի դեկտեմբերի 405,3 դրամի փոխարեն՝ 462,5 դրամ՝ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց):
Ուշագրավ է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում (2013-ի դեկտեմբերը՝ 2012-ի դեկտեմբերի համեմատ ) գրանցվել է սպառողական ապրանքների ավելի մեծ գնաճ՝ 5,6% այն դեպքում, երբ հաշվարկային փոխարժեքը նվազել է 0,1 տոկոսով:
ԱՎԾ վերլուծության մեջ դիտարկված ՀՀ բոլոր քաղաքներում 2014թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ՝ սպառողական գներն աճել են 2.7-4.0%-ով, այդ թվում՝ գնաճի ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Գյումրի և Աշտարակ քաղաքներում: Երևանում սպառողական գների աճը նվազագույն է՝ 2.7%:
Հունվարի 1-ից արդեն գոյություն ունեցող Եվրասիական տնտեսական միության բոլոր անդամ երկրներում սպառողական ապրանքների գներն աճել են ավելի արագ տեմպերով, քան Հայաստանում: Այսպես, 12-ամսյա կտրվածքով Ռուսաստանում գնաճը կազմել է 8,5%, Բելառուսում՝ 15,5%, Ղազախստանում գներն աճել են 6,9%-ով: Հարևան Վրաստանում գնաճը գտնվում է գրեթե զրոյական մակարդակի վրա, փաստացի պատերազմական վիճակում գտնվող Ուկրաինայում դիտարկվող ժամանակահատվածում գներն աճել են 21,2%-ով, իսկ ԵՄ անդամ գրեթե բոլոր երկրներում տեղի է ունեցել գների նվազում կամ գնաճը գտնվել է զրոյական մակարդակի վրա: ԵՄ երկրներից ամենամեծ գնաճն արձանագրել է Ռումինիան՝ 1,1%:
Թե ինչ ազդեցություն կունենան անցած տարեվերջի տնտեսական վայրիվերումները մեկնարկած տարվա ընթացքում, կփորձենք ներկայացնել հետագա հրապարակումներում:
Հարկ է նաև նշել, որ ԱՎԾ-ի տվյալները բազմիցս կասկածի տակ են դրվել անկախ փորձագետների կողմից: Նրանցից ոմանք նույնիսկ կարծիք են հայտնում, որ ԱՎԾ-ն զբաղված է թվանկարչությամբ և ապահովում է իշխանությունների համար ձեռնտու տնտեսական և ֆինանսական ցուցանիշներ։
‘