‘
«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Վարուժան Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ իրենք ապստամբություն են սկսել և ոստիկանական շենք գրավել: Նրանք պահանջում են իրենց մոտ բերել ձերբակալված Ժիրայր Սեֆիլյանին, քանի որ միայն նա է իրավասու իրենց անունից բանակցություններ վարել: Բանակցությունները, ըստ Ավետիսյանի գրառման, պետք է ընթանան Սերժ Սարգսյանի կողմից իշխանությունը հանձնելու շուրջ:
Ոստիկանները փակել են Էրեբունի տանող ճանապարհները:
Հիմնադիր խորհրդարանի Գյումրու կառույցի համակարգող Արամ Հակոբյանը ԳԱԼԱ-ին ասել է, որ գործողություններն սկսել են առավոտ ժամը հինգից: Ազատամարտիկների միավրումը կարողացել է գրավել Էրեբունու ոստիկանության գումարտակը եւ պատանդներ է վերցրել ոստիկաններին:
Տեղի ունեցածի պատասխանատվությունը ստանձնել է «Սասնա Ծռեր» խմբավորումը, որը հանդես է եկել հայտարարությամբ` նշելով. «Համայն հայությանը և ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում միանալ ապստամբությանը կամ բոլոր հնարավոր միջոցներով աջակցել ապստամբներին: Ապստամբությանը միացող յուրաքանչյուր ոք, ով նախկինում մեղք է գործել ժողովրդի և օրենքի առաջ, ստանում է իր մեղքը քավելու և համերաշխ հասարակության լիիրավ անդամ դառնալու հնարավորություն:
Ունևոր մարդկանց կոչ ենք անում հոգալ փողոց դուրս եկած մեր հայրենակիցների սննդի և այլ անհրաժեշտ կարիքները:
Կոչ ենք անում դուրս գալ փողոց, խմբեր կազմել, զինվել, գրավել ոստիկանական բաժինները, փակել փողոցները, զինաթափել ոստիկաններին, իսկ ապստամբությանը դիմադրող անձանց չեզոքացնել ըստ իրավիճակից բխող անհրաժեշտության:
Մեր հիմնական պահանջն է. Ժողովրդի իշխանությունը յուրացրած և նրա ֆիզիկական անվտանգությունն ու պետության տարածքը վտանգի ենթարկող Սերժ Սարգսյանը պետք է իր վարչախմբի հետ միասին հրաժարական տա և իշխանությունը փոխանցի Ժողովրդի վստահության կառավարությանը: Հակառակ պարագայում ապստամբությունը կծավալվի և նշված պահանջը կկատարվի ժողովրդի պարտադրանքով»:
Նրանք նաեւ հայտարարության տեքստում ոստիկաններին են դիմել. «Ձեզ տրվում է մեկ ժամ ժամանակ՝ կողմնորոշվելու և որոշում կայացնելու համար: Դուք պետք է չգնաք ձեր ծառայության վայրերը և չմասնակցեք ապստամբած ժողովրդին ճնշելու փորձերին: Մեկ ժամ հետո համազգեստ կրող, առավել ևս՝ ժողովրդի նկատմամբ ուժ կիրառող ոստիկանները կհամարվեն ապստամբության թիրախ և կչեզոքացվեն»:
Իր հերթին հայտարարություն է տարածել նաեւ ԱԱԾ-ն` նշելով, թե «Այսօր առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց: Միաժամանակ նրանց կողմնակիցները ԶԼՄ-ներով և սոցիալական ցանցերով պարբերաբար ապատեղեկատվություն են տարածում զինված ապստամբություն սկսվելու, շենքեր և շինություններ գրավելու մասին: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ տարածվող տեղեկատվությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Պետական իշխանության մարմինները գործում են բնականոն ռեժիմով, իսկ իրավապահ մարմինները հավուր պատշաճի իրականացնում են օրենքով իրենց վերապահված հասարակական կարգի պահպանության և պետական անվտանգության ապահովման գործառույթները: Զինված անձանց հետ ներկայումս վարվում են բանակցություններ՝ ՀՀ իշխանություններին նրանց խաղաղ հանձվելը կազմակերպելու համար: Հավաստիացնում ենք, որ ինչպես այս, այնպես էլ ցանկացած այլ անօրինական գործողություն անհապաղ խափանվելու է իրավապահ մարմինների կողմից, իսկ դրանք կատարած անձինք վնասազերծվելու են և պատասխանատվություն են կրելու ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»:
Հավելենք, որ այսօր առավոտյան մի պահ արգելափակվել էր նաեւ Ֆեյսբուք սոցցանցը:
‘