‘
«Սասնա ծռերի» գործով դատական նիստից առաջ այսօր կրկին ցանկանում էին զննել փաստաբանների պայուսակները, ինչի արդյունքում նորից վիճաբանություն էր առաջացել փաստաբանների եւ կարգադրիչների միջեւ: Ա1+-ի փոխանցմամբ, փաստաբանները հրաժարվում էին ներս մտնել։
Որոշ ժամանակ անց, արդեն դատարանի դահլիճում է քաշքշուկ տեղի ունեցել, ինչի արդյունքում ոստիկանները դահլիճից ուժով հեռացրել են Սմբատ Բարսեղյանին, Արեգ Կյուրեղյանին, Սեդրակ Նազարյանին։
Փաստաբան Արա Ղարագյոզյանը լրագրողներին տեղեկացրել է, որ վիճաբանությունն սկսվել է այն բանից հետո, երբ իր պաշտպանյալ Արեգ Կյուրեղյանը իրեն ցանկացել է թուղթ փոխանցել։ Ուղեկցող գումարտակի աշխատակիցը վերցրել է թուղթն ու պատռել, ինչից հետո էլ առաջացելէ քաշքշուկը։
Պաշտպանը նաև տեղեկացրել է, որ Արեգ Կյուրեղյանին տանելուց հետո ծեծի ձայներ են լսվել։
‘