‘
Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն կարծում է, որ աշխատանքը «սեքս՝ հեռախոսով» ծառայությունում իրեն սովորեցրել է գլուխ հանել տղամարդկանց բնավորությունից և վճարունակությունից: Այդ մասին նա պատմել է ուկրաինական հեռուստատեսությամբ:
«Այնտեղ պետք էր հասկանալ՝ հաճախորդներից ո՞ր մեկն է վճարունակ, իսկ դրա համար մի ամբողջ համակարգ կա, գուցե նույնիսկ այնպիսին, ինչպիսին հեռուստաալիքների դեպքում: Կա վազող տող, ու դու մշտապես ստուգում ես լուրերը»,- ասել է Սավչենկոն:
Նա պարզաբանել է, որ հետո հեշտությամբ կարող էր գլխի ընկնել, թե իր ծառայակիցներից ով է օգտվում նման ծառայություններից: «Ես գիտեի, թե երբ են միանում այդ գծին, ինչ տարիֆով: Իհարկե, դա զինվորական ղեկավարությանը դուր չէր գալիս»,- խոստովանել է պատգամավորը:
Սավչենկոն նախկինում էլ պատմել է, որ լրացուցիչ աշխատել է «սեքս՝ հեռախոսով» ծառայությունում: Ամռանը տված իր մի հարցազրույցում նա պատմել էր, որ 21 տարեկանում մի հայտարարություն էր տեսել, թե պահանջվում է «հաճելի ձայն ունեցող և ցանկացած թեմայով զրուցելու կարողությամբ աղջիկ»: Հարցազրույցի ընթացքում կարդացել էր մի հատված էրոտիկ վեպից, ու նրան ընդունել էին աշխատանքի: Նրա խոսքով՝ աշխատավարձը «շքեղ է եղել»՝ ժամը 100 դոլար:
Հիշեցնենք, որ Նադեժդա Սավչենկոն 2016 թ. Ռուսաստանում դատապարտվել էր 22 տարվա ազատազրկման՝ Դոնբասում ռազմական գործողությունների ընթացքում ռուսստանցի լրագրողների սպանության մեղադրանքով: Մայիսին Ռուսաստանի նախագահը ներում շնորհեց նրան, որից հետո Սավչենկոն հայտնվեց Ուկրաինայի գերագույն ռադայում:
Սավչենկոն բազմիցս զարմացրել է իր սկանդալային արտահայտություններով ու պահվածքով: Մի անգամ նա «սովորական բառերով» նկարագրել է իրադրությունը երկրում՝ 20 վայրկյանում օգտագործելով 11 անպատշաճ հայհոյանք: Ընդ որում՝ մնացած բառերը եղել են «պարզապես», «որքան», «մարդիկ», «կարելի է» և «քաղաքականություն»:
Փոխանցում է ria.ru-ն:
‘