‘Սարգիս Քլոյան. Մարտի 1-ը երբեք չի բացահայտվի, քանի դեռ իշխանափոխություն չի եղել’

965

Փետրվարի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս ««Մարտի 1-ի գործով» նախաքննության ընթացքը՝ 7 տարի անց» թեմայով: Ասուլիսի ընթացքում անդրադարձ կատարվեց «Մարտի 1»-ի զոհերի գործով նոր զարգացումներին: 

Սարգիս Քլոյանը` մարտիմեկյան սպանդի զոհերից Գոռ Քլոյանի հայրը, անդրադառնալով տարածված այն լուրերին, որ զոհերի ծնողներին ծանուցագրեն են ուղարկվել՝ ասաց, որ 2 շաբաթ առաջ նրան հրավիրել էին հատուկ քննչական ծառայություն, որպես տուժողի իրավահաջորդ: Նա նշեց, որ նոր քննիչ էր նշանակված, որը նոր արձագրություն էր կազմում: Երբ նայել էր՝ տեսել էր, որ գրված է, թե իբր զենքի ոչ ճիշտ օգտագործման եղանակով եղել են զոհեր:
«Հարց ուղղեցի, որ եթե դուք չգիտեք, թե մեր երեխաներին ովքեր են սպանել ,ապա ինչպե՞ս գիտեք, որ զենքը անզգույշ են օգտագործել: Չպատասխանեց»,- ասաց Քլոյանը:
Նա համոզված է, որ սա միջազգային կառույցներին ցույց տալու համար է, որ աշխատանք են անում, զբաղվում են մարտի 1-ի բացահայտմամբ, երկարաձգում են:
«Մարտի 1-ը երբեք չի բացահայտվի, քանի դեռ իշխանափոխություն չի եղել»,- ասաց Սարգիս Քլոյանը:
Սարգիս Քլոյանը՝ անդրադառնալով շահարկումների հարցին, ասաց, որ Հայ ազգային կոնգրեսի կողմից բացարձակապես որեւէ շահարկում չկա: «Բոլոր իրավական աջակցությունները մենք ստանում ենք ՀԱԿ-ից»,- ասաց Քլոյանը: Նա նաեւ նշեց, որ կային առանձին գործիչներ, որոնք ցանկանում էին իրենց ներգրավվել իրենց շարքերը:

Նա հավելեց նաեւ, որ մարտի 1-ին որդու շիրիմին այցելելուց հետո, գնալու է Ազատության հրապարակ՝ մասնակցելու հանրահավաքին: 

Նախորդ հոդվածը‘Հայերը սկսել են ավելի շատ օղի խմել, և դա լավ կյանքից չէ. Գինեգործ’
Հաջորդ հոդվածը‘Խստացվել են գիտական աստիճանաշնորհման պահանջները ‘